Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և հայտնի «Մատանիների տիրակալը» ֆիլմի կերպարներից մեկի' Գոլումին նմանեցրած թուրք բժիշկ Բիլգին Չիֆթչին հայտարարել է, որ չի ափսոսում իր արարքի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

 

«Ես այդ նկարով Facebook-ում կիսվել եմ ոչ թե վիրավորելու նպատակով, այլ պարզապես քանի որ այն զավեշտալի էր համարել: Արածիս համար չեմ ափսոսում»,- ասել է Չիֆթչին, ում դեմ այդ լուսանկարի պատճառով դատական գործ է հարուցվել:

 

 

Այդընի՝ քրեական հանցագործությունները քննող դատարանը դատական գործ էր սկսել այդընցի բժիշկ Բիլգին Չիֆթչիի դեմ: Նա 2015 թվականի հոկտեմբերին հեռացվել էր Թուրքիայի հանրային առողջության ինստիտուտից այն պատճառով, որ հրապարակել էր մի «մեմ», որտեղ գրոտեսկային տեսքով հայտնի Գոլումը ներկայացված էր երեք կերպարով՝ ուտելիս, զարմացած և զվարճացած: Նկարի մյուս կողմում պ ատկերված էր Էրդողանը նման էմոցիաներ արտահայտելիս:

 

 

Դատական արդեն 4-րդ լսման ժամանակ դատավորը որոշում է կայացրել հատուկ փորձագիտական քննություն անցկացնելու մասին միայն այն բանից հետո, ինչ Չիֆթչիի իրավաբանը հարցրել է նրան, թե արդյոք դիտել է ֆիլմը, և դատավորը խոստովանել է, որ այն տեսել է միայն հատվածաբար: Նոր որոշման համաձայն՝ գործի քննությանը կկցվեն երկու ակադեմիկոս, վարքագծի ուսումնասիրությամբ զբաղ վող երկու գիտնական կամ հոգեբան, ինչպես նաև կինոյի ու հեռուստատեսային արտադրանքի փորձագետ, ովքեր կուսումնասիրեն, թե որքանով է այդ «մեմ»-ը վիրավորանք Էրդողանի հասցեին: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա 2016 թվականի փետրվարի 16-ին:

 

 

Բիլգին Չիֆթչին իր հերթին վստահեցրել է, որ Գոլումը վատ կերպար չէ, և որ ինքը ոչ ոքի չի վիրավորել: Եթե նրա դեմ մեղքը հաստատվի, ապա Չիֆթչին կդատապարտվի մինչև 2 տարվա ազատազրկման: