Հայաստանում գյուղատնտեսության ոլորտն այն բացառիկներից էր, ուր մեզ հաջողվեց 2015-ին գրանցել որոշակի աճ:

 

 

Սրան մեծամասամբ նպաստեց բարենպաստ կլիման, որի շնորհիվ այս տարի գյուղացիներից շատ-շատերը առատ բերք ստացան. 2014-ի համեմատˋ այս տարի 11,6% աճ է գրանցվել գյուղատնտեսությունում: Համենայնդեպսˋ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հենց այս թիվը մատնանշեցˋ խոսելով իր կողմից կառավարվող ոլորտի ձեռքբերումների մասին:

 

 

Ինչպես միշտ, այս ասուլիսում ևս ավելի շատ խոսք գնաց այն հաջողությունների ու կատարաված աշխատանքների մասին, որոնց արդյունքում էլ հենց' գրանցվել է երկնիշ աճ' երկրի տնտեսության համար կարևորագույն այս լորոտում:

 

 

Նկատած կլինեք, որ նախարարները կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ասուլիսներին սիրում են խոսել ոչ այնքան չարվածի, որքանˋ արվածի մասին, ինչը, կարծում ենք, ինչ-որ տեղ բնական է, քանի որ այդ ասուլիսները յուրատեսակ հաշվետվություններ ենˋ նախևառաջ հասարակությանըˋ ցույց տալու համար, թե արվում է ամեն բանˋ մարդկանց հոգսերը թեթևացնելու համար:

 

 

Սակայն կարծում ենք, որ ավելի արդար կլիներ, եթե ինչպես հարկն է անդրադարձ կատարվեր նաև չարվածին: Իսկ որ չարվածը արվածից մի քանի անգամ ավելի է, կարծում ենք կհամաձայնեք շատերդ:

 

 

Դիցուկ դիտարկենք նույն գյուղատնտեսության ոլոտը, ուր, չնայած ամպագորգոռ ու ոգևորիչ հայտարարություններին, վիճակը շարունակում է անբավարար մնալ: Այս գյուղատնտեսական տարին մեզ մի բան ապացուցեց' գյուղացին շարունակում է կախված մնալ եղանակային քմահաճույքներից,մի խնդիր, որն աշխարհում արդեն երկար ժամանակ է, ինչ արդիական չէ. մարդկությունը վաղուց է կարողացել հաղթահարել այս ռուբիկոնն ու դուրս գալ բնության կապանքներից'այդպիսով ոլորտի զարգացումը դնելով միանգամայն նոր ուղու վրա. մեզ մոտ նման բան դեռևս նկատելի չէ: Էլ չենք խոսում ոլորտի հիմնական բացթողնման մասինˋ արտադրանքի իրացման, որում տեղ գտած լրջագույն խնդիրներն իսկական պատուհաս դարձան զանազան վարկերի բեռի տակ կքած գյուղացիների գլխին. բոլորս ենք հիշում հեռուստալուրերով հեռարձակվող այն հաղորդումները, որոնցում բազմաթիվ գյուղացիներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել' այս ամենի հետ կապված. մարդիկ ստիպված տոննաներով պտուղ-բանջարեղեն էին թափում առուներն ու գետերը...

 

 

«Հատկապես ի՞նչ է արվել նման անախորժ իրավիճակներից հետագայում խուսափելու ուղղությամբ», ասուլիսն այս հարցին պատասխան չտվեց, դե իսկ բարձրաձայնված տոկոսային աճն էլ, խոշոր հաշվով, դեռ ոչինչ չի նշանակում. կարո՞ղ եք ասել' գյուղացու կենսամակարդակի վրա ի՞նչ ազդեցություն է թողել այդ երկնիշ թիվը:

 

 

Վերջիվերջո, երկրում տնտեսական իրական աճի մակարդակը ոչ թե չոր ու անշունչ թվերով է որոշվում, այլ կենդանի մարդկանց կենցաղում գրանցած իրական դրական փոփոխություններով, իսկ որ դրանք զրոյական մակարդակից դեռևս չեն բարձրանում, խոսում է հաճախ բերվող վիճակագրությունների ու մեզ շրջապատող իրականության միջև եղող անհուն վիհի մասին:

 

 

Դավիթ Բաբանով