Վերջին շրջանի Հայաստանի մշակութային կյանքը ցնցած ամենակարևոր իրադարձությունը, արդարև,կարելի է համարել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունները, որոնց առաջարկով, ինչպես հայտնի է, հանդես է եկել թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանըˋ նպատակ ունենալով էապես բարձրացնել ստեղծագործական որակը (համենայն դեպս դա է պաշտոնական պատճառաբանությունը):

 

 

Փոփոխությունների թվում էր նաև թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքի կրճատումը. կառուցվածքային փոփոխությունների արդյունքում այլևս կրճատվել է գլխավոր դիրիժորի պաշտոնը, ինչը, ըստ ոմանց, ընդունված տարբերակ է շատ թատրոններում:

 

 

Ինչպես գիտենք 2001 թվականից Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, որին կառուցվածքային փոփոխություններից հետո առաջարկվել է մնալ թատրոնում որպես դիրիժոր, սակայն նա կտրականապես հրաժարվել է:



Ձեռնպահ մնալով այս որոշման վերաբերյալ մասնագիտական գնահատականներ տալուց (թողնում ենք դա ոլորտի գիտակներին)ˋ կցանկանայինք, այնուամենայնիվ, ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս որոշումը «սվիններով ընդունվեց» ոչ միայն Կարեն Դուրգարյանի կողմից, այլև ոլորտի մի շաշարք հեղինակավոր դեմքերի, որոնք մտահոգություն էին հայտնում այս փաստի վերաբերյալˋ համարելով այն հայկական մշակույթի դեմ հստակորեն պլանավորված ոտնձգություն, որի բուն նպատակը թատրոնը քանդելն է:



 Կարծում ենքˋ մշակույթն այն ասպարեզն է, ուր որոշումներ կայացնելուց առաջ պետք է մի լավ ծանրութեթև անել, քանի որ այն բավական զգայուն ոլորտ է, որը պահանմջում է առանձնահատուկ վերաբերմունքˋ յուրաքանչյուրին:

 

 

Մշակույթի նախարարությունը, որի գործունեությունը շատ-շատերի մոտ տարակուսանքների տեղիք է տալիս արդեն երկար տարիներ, կարծում ենքˋ պարտավոր է ստեղծված իրավիճակում ելքեր առաջարկել, այնպիսի ելքեր, որոնց արդյունքում մարդիկ ստիպված չեն լինի' զանազան ասուլիսների միջոցով արտահայտելու իրենց բողոքը, այլ գոնե կկարողանան հարցը քննարկել Հասմիկ Պողոսյանի աշխատանքային սենյակումˋ փոխադարձ ընդունելի որոշումներ գտնելու համար:

 

 

Դավիթ Բաբանով