Երբ ընթերցում ես էլեկտրոնային կամ տպագիր մամուլը, երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե որոշները, թողած իրենց բան ու գործը, օր ու գիշեր սեփական անձը նվիրաբերում են այս կամ այն գործչի դեմ զանազան սկանդալային և շատ հաճախ իրենց հիմքում ոչինչ չպարունակող հոդվածներ պատվիրելովˋ նպատակ ունենալով փնովել մարդկանց բարի համբավն ու հայրենիքի առջև ունեցած նրանց անգնահատելի վաստակը:

 

Այսպես. հայկական էլեկտրոնային լրատվական ռեսուրսներից մեկում հրապարակվել էր հոդված, որում հեղինակը սեփական մտորումներով էր կիսվումˋ կապված Հայաստանի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետˋ ենթադրելով, թե իշխանությունները հիմա էլ նպատակադրվել են զրկել վերջինիս սպորտի բնագավառում ունեցած պաշտոններից' նպատակադրվելով մեկուսացնել նրան:Իսկ նման մտորումների առիթ հեղինակին տվել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչների պարգևատրման նպատակով կազմակերպված ավանդական միջոցառման ժամանակ Նախագահի հնչեցրած այն միտքը, թե այլևս հասունացել է օլիմպիական ոսկու ժամանակը, և Ծառուկյանը պետք է անի ամեն բանˋ ապահովելու համար ոսկե մեդալˋ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք առաջիկա խաղերին:

 

Հոդվածագիրը, իրեն հատուկ տրամաբանությամբ, եզրակացրել էր, թե այս ամենը վկայում է, որ Նախագահը անբավարար է գնահատել Գագիկ Ծառուկյանիˋ մինչ այժմ կատարած աշխատանքը: Թե հատկապես ինչ տրամաբանության կրող է հոդվածագիրը կամ նրա թիկունքում կանգնածը,մնում է անհասկանալի, քանի որ նույնիսկ «ձվի մեջ մազ փնտրել» սիրող ցանկացած մեկն էլ կարող է հաստատել, որ Նախագահի խոսքում նման ենթատեքստ չի կարող լինել հատկապես մի քանի պատճառներով. ներկայիս Հայաստանում չկա գեթ մեկը,ով կարող է համեմատվել Ծառուկյանի հետ'նրա արած գործերի թե՛ ծավալով, թե՛ կարևորությամբ:


Հավանաբար բոլորդ եք հիշում Հայաստանի սպորտի ողբերգական վիճակը` նախքան Ծառուկյանի` այս ոլորտն իր հովանավորության տակ առնելը: Գլխավոր հարցը, որ հնչում էր այդ ժամանակ, հետևյալն էրˋ ինչպես պահել տաղանդաշատ մարզիկներին Հայաստանում, որպեսզի վերջիններս, ելնելով սոցիալական կարիքներից, ստիպված չլինեն լքել հայրենիքն ու հանդես գալ այլ երկրների դրոշի ներքո:

 

Բոլորս ենք հիշում սպորտդպրոցների անմխիթար վիճակը, ուր պարապմունքներ անցկացնելու համար չկային անգամ տարրական պայմաններ և այլն: Նախկինում եղած թերությունները կարելի է թվել անվերջ, քանի որ այս կարևոր ոլորտը, մինչև Ծառուկյանը,մատնված էր կատարյալ անտերության, ու չկար մեկը, որ ձեռք մեկներ, վերականգներ: Եվ ահա հայտնվեց նա ու սկսեց աշխատաել օրնիբուն, միջոցներ ներդնել, ջանք ու եռանդ չխնայելˋ սպորտը Հայաստանում վերականգնելու համար: Արեց ամենը, ինչ կարող է անել մահկանացուն, արեց ուժերի ներածին չափովˋ առանց մտածելու, թե ով ինչ է գրում կամ խոսում իր մասին, քանի որ հասկանում էրˋ իր փոխարեն իր գործերն են խոսելու բոլորի առաջ հանրահռչակելով բարի համբավը:

 

Չենք կարծում, թե եթե չլիներ Ծառուկյանի առատաձեռնությունը, որևիցե մի մարզիկ, շնորհիվ իր սպորտային նվաճումների, ի վիճակի կլիներ սեփական միջոցներով գնել թանկարժեք մեքենաներ ու տներ քաղաքի կենտրոնումˋ համոզված լինելով, որ իր վաստակը գնահատվում է ոչ միայն գեղեցիկ բաժակաճառերի տեսքով, այլ միանգամայն շոշափելի տարբերակով: Չմոռանանք նաև, որ Արցախում սպորտի զարգացման գործում ևս հսկայական է Ծառուկյանի ներդրումը: Նա վերանորոգեց այստեղ մարզական դպրոցներˋ նյութատեխնկական բազա ապահովելով հայկական երկրորդ պետության սպորտի զարգացման համար:

 

Այսքանից հետո կանգնել ու ասել, թե Ծառուկյանի դեմ «դավա» են հյուսում, անտրամբանական է կարծում ենք: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ մենքˋ հասարակներս, կարողանում ենք տեսնել ու գնահատել հայ ժողովրդի արժանի զավակի կատարած բարերարություններն ու աշխատանքը, իսկ վերևներումˋ ոչ:

 

Վստահ ենք, որ ոմանք, ելնելով իրենց անզորությունից, հաճախ ստիպված հերյուրանքներ են տարածում այս կամ այն գործչի մասինˋ ցանկանալով շեղել նրանց իրենց առաքելությունից:Ծառուկյանի դեպքում դա հաստատ ձեզ մոտ չի ստացվի, քանի որ, ինչպես ասում են, մարդը կյանքով ու իր ապրածով է ապացուցելˋ իր խոսքը գործ է:


Դավիթ Բաբանով