Սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ովքեր կարող են ծեծած լինել «Նոր Հայաստանի» անդամ Սյուզի Գևորգյանին: Մարդիկ նույնիսկ չեն ուզում սպասել իրավապահների համապատասխան գնահատականներին և արդեն իսկ առաջ են քաշում իրենց վարկածները, որոնք հիմնականում կենտրոնանում են իշխանական թևի շուրջ:

 

Վրդովմունքը, անշուշտ, հասկանալի է, և նման վայրագությունը պետք է անպատճառ խստորեն պատժվի, սակայն մի քանի անտրամաբանական բաներ կան այս պատմության մեջ, որոնք հարցեր են առաջացնում: Օրինակ, ինչո՞ւ հենց Սյուզի Գևորգյանին, չէ՞ որ այդ աղջիկն իշխանությունների համար որևէ վտանգ չի ներկայացնում և ընդդիմադիր կառույցում էլ առանձնապես ներկայանալի ֆիգուր չէ, առանձնապես լուրջ ակցիաներ չունի կազմակերպած, հետևաբար որպես ի՞նչ պետք է պատվիրեին հենց նրա ծեծը, մանավանդ, ամենաքիչը դա իշխանական կողմին էր ձեռնտու:

 

Այս հարցերը, կարծում եմ, ի վերջո իրենց պատասխանները կստանան, իսկ այդ ստորությունը պատվիրողն ու իրականացնողներն էլ՝ իրենց արժանի պատիժը, որովհետև ոչ մի պատճառ չի կարող արդարացնել նման քայլը: Բռնությունն անթույլատրելի մեթոդ է, կնոջ հանդեպ բռնությունը՝ նաև կրկնակի անպատվաբեր:

 

Կարեն Վարդանյան