Երևի ձեզանից շատերը կհամաձայնեն, որ վերջին տարիներին շատ հայ ընտանիքներ սկսել են նախընտրել ամանորը դիմավորել ոչ թե տանը, այլ՝զանազան ռեստորաններում ու խրախճանքի այլ վայրերում: Ոմանք դա անում են՝ խուսափելով տոնական սեղանի պատրաստության և հյուրեր ընդունելու հոգնեցուցիչ պարտականությունից, ոմանք էլ՝ արդեն բնավորություն դարձածցուցամոլությունից: Խիստ նորաձև է ամանորյա տոներն անցկացնել ոչ միայն, ասենք, Հայաստանի հանրահայտ հանգստյան գոտիներում, այլև առհասարակ երկրից դուրս՝ ելնելով շատ դեպքերում այն տարօրինակ հանգամանքից, որ դրսում հանգիստ կազմակերպելն երբեմն առավել մատչելի է, քան՝ Հայաստանում: Որքան էլ պարադոքսալ հնչի, սակայն պետք է ամրագրենք, որ ներկայումս շատ հայ քաղաքացիների գրպանին ավելի հասու են արտերկրյա հանգստյան տներն ու հյուրանոցները, քան հայաստանյան հանգստավայրերը: Թե հատկապես ինչի հետ է կապված մեր երկրում հանգստի կազմակերպման նման անմատչելիությունը, այդպես էլ մնում է անհասկանալի, քանի որ ասել, թե այստեղի հանգստյան տներն ու հյուրանոցներն իրենց հարմարավետությամբ ու առաջարկվող պայմաններով մի քանի անգամ գերազանցում են, ասենք, համաշխարհային զբոսաշրջության հիմնական կենտրոններից մեկը հանդիսացող Եգիպտոսի բարձրակարգ հյուրանոցներին, տգիտության նշան կլիներ. որքան էլ զավեշտալի հնչի, բայց Հայաստանը շարունակում է զբոսաշրջիկի ու տեղացու համար մնալ աշխարհի ամենաթանկ հանգիստ առաջարկող երկրներից մեկը՝ չնայած այն հանգամանքին, որ այստեղ, ի հակադրություն միևնույն գնային կատեգորիայում փաթեթներ առաջարկող մի շարք զարգացած երկրների, հանգստյան պայմանները գտնվում են անհամեմատ անբավարար մակարդակի վրա:

 

 

Ի հակադրություն մեզ, պարզվում է, հարևան վրացիներն ավելի ճկուն են գտնվել այս հարցում ու, շնորհիվ ոլորտում երկար տարիներ վարվող պետական նպատակային քաղաքականության, կարողացել են շատ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել ոչ միայն իրենց քաղաքացիների համար, այլև՝ արտերկրյա զբոսաշրջիկների, որոնց թիվը տարեցտարի ավելանում է այս երկրում: Պարզվում է՝ այդ գործում լուրջ մասնակցություն ու ներդրում ունենք մենք՝ հայերս, որ «խրտնած» հայաստանյան գներից՝ շտապում ենք հարստացնել մեր հարևան վրացիներին, որոնք, ինչպես հասկանում եք, ոչ մի կերպ չեն կարող դեմ լինել մեր հաշվին միլիոններ վաստակելուն. հիմա ո՞վ է ավելի խելացի, մե՞նք, թե՞ վրացիները… բացի գլուխ գովալուց՝ ուրիշ այլ բանի մենք այսօր փաստացի ընդունակ չենք, իսկ նման վիճակի պատասխանատուներն էլ, հավանաբար կռահում եք, այդգլուխգովանների առաջին շարքերում են կանգնած: Մարդ որքա՞ն պետք է տխմար լինի, որչկարողանա մոբիլիզացնել այն ներքին ռեսուրսները, որ կան երկրում: Եթե չենք կարողանում տեղացիներին խելամիտ գների սահմաններում հանգիստ կազմակերպելու առաջակներով հանդես գալ, մի՞թե մենք տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրեր մշակող ու իրականացնող ենք: Այդ պատճառով էլ երկիրն այս վիճակում է՝ աղքատ, սովյալ, խղճուկսա է կառավարության աշխատանքի իրական գնահատականը: Հա դու գլուխ գովա, թե սենց ենք, նենց ենք, խելացի ենք…

 

 

Բերե՛ք, մտցրե՛ք աչքս, ձենս կտրեմ…



Իսկ հիմա, եթե դեմ չեք, մի փոքր թվաբանություն՝ առավել փաստարկված խոսելու համար: Համապատասխան ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տարի հայաստանցիների զգալի մասը հիմնական նախապատվությունը տվել է տոնական արձակուրդները հարևան Վրաստանում անցկացնելուն: Պարզվում է՝ այն գումարով, որով հնարավոր է տոներն անցկացնել, ասենք, Ծաղկաձորի միջին կարգի որևէ հյուրանոցում, կարելի է մեկնել Թբիլիսի կամ Վրաստանի որևէ այլ քաղաք, իջևանել երեք կամ չորսաստղանի հյուրանոցում, սնվել օրը երեքանգամյա ռեժիմով, ճոխ խնջույք անել Ամանորի գիշերը, այցելել քաղաքի տեսարժան վայրեր: Այդպիսի 5-օրյա փաթեթի գինը սկսվում է 100 000 դրամից՝ մեկ անձի համար հասնելով առավելագույնը 130 000: Իսկ Հայաստանում, օրինակ, միջին դասի հյուրանոցներում և հանգստյան տներում մեկ անձի համար առաջարկները սկսում են 100 000 դրամից՝ հասնելով մինչև 500 000՝ 5-6 օրվա համար:



Ա՛յ այսպիսի բաներ, հետո էլ խոսում ենք տուրիզմ զարգացնելու մասին: Դե հիմա գնացե՛ք ու էս գներով Հայաստանը դարձրեք տարածաշրջանում տուրիզմի կենտրոն… Կանեք, բա չեք անի, նման քաղաքականությամբ ավելի շուտ ծոծրակներդ կտեսնեք, քան՝ Հայաստանը՝ զարգացած տուրիզմ ունեցող երկիր…

 

 

Դավիթ Բաբանով