Գիտե՞ք, ինձ միշտ հետաքրքրել է այն հարցը,թե մեր հասարակությունն ի՞նչ կարծիք ունի հատկապես Հայաստանի կին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ: Երևի դրական… Համենայնդեպս ուզում ենք հավատալ, որ այդպես է:

 

Իհարկե պայմանավորել այս կամ այն անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքը բացառապես նրա սեռով, ճիշտ չէր լինի, քանի որ մանավանդ վերջին տասնամյակներում պետական կառավարման համակարգում գենդերային խնդիրները մի տեսակ երկրորդ պլան են մղվել, և գոնե այստեղ առաջնային է համարվում անձի օգտակար գործողության գործակիցը:

 

Մեր պետությունն էլ, միգուցե բացառապես աշխարհից հետ չմնալու ազնիվ ցանկությունից մղված, հետզհետե սկսեց, այսպես ասած, առաջ մղել կանանց՝ իրենց մեջ որոշակի պոտենցյալ պարունակող առանձին խմբերի՝ որոշներին ներգրավելով պետական կառավարման համակարգում:

 

Անձը, ում մասին հիմա կխոսենք, այն հաջողակներից է, ում հաջողվեց հայտնվել ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ու բավական հաջող կարիերա անել պետական համակարգում:


Հրանուշ Հակոբյան. այս անունը շատերի մոտ կարող է հակասական զգացմունքներ առաջացնել. ոմանք կդատափետեն նրան, ոմանք՝ միգուցե և ոչ, սակայն ակնհայտ է, որ մնալ անտարբեր նրա նկատմամբ, գրեթե անհնար է:

 

Այսպես. Հակոբյանը, ով ինչպես գիտեք, վերջին տարիներին զբաղեցնում է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնը, իր հարցազրույցներից մեկում կարծիք է հնչեցրել, թե մեր հայրենակից սիրիահայերը Հայաստանից ոչ թե անճարության պատճառով են հեռանում, այլ՝ ավելի լավ ապրելու ձգտումից ելնելով: Նա հավելել է նաև՝ բացարձակապես հիմնավոր չեն սիրիահայերի այն պնդումները, թե այստեղ ապրելու և բիզնես ծավալելու համար պայմաններ չկան: Իր ծայրահեղ լավատեսական մեկնաբանությունը նա համեմել է իր իսկ գլխավորած պետական մարմնի կողմից վերջին տարիներին կատարած աշխատանքների վառ նկարագրությամբ, ուր փորձել է հիմնավորել սեփական պնդումներն առ այն, որ սիրիահայերը բացառապես սպառողական հոգեբանություն ունենալու պատճառով է, որ ստիպված են լինում կրկնակի գաղթի դիմել, այսինքն՝ անվերադարձ լքել հայրենիքը, ուր ի սկզբանե գաղթել էին:

 

Չկամենալով ձեզ ծանրաբեռնել Հակոբյանի՝ ինքնագովեստի նմանվող հարցազրույցի մանրամասների նկարագրությամբ, կցանկանայինք միայն մի մեջբերում կատարել նախարարի խոսքից: Նա, մասնավորապես, ասել է. «Հայաստանում, իհարկե, աղքատություն ու գործազրկություն կա, բայց Հրանուշ Հակոբյա՞նն է դրա համար մեղավոր»:


Վե՛րջ, էլ սրանից առավել ի՞նչ էիք ուզում, մի՞թե նախարարը պետք է կանգներ ու ազատ լրագրողի նման, ասենք, սկսեր բացահայտ «քլնգել» սեփական ղեկավարությանը: Մարդը պարզ հայերենովխոստովանում է, որ այն համակարգը, որի անքակտելի մաս է հանդիսանում նաև ինքը, բայց որի համար, պարզվում է, որևէ պատասխանատվություն չի կրում, երկիրը հասցրել է այս օրվան:


Իհարկե, օբյեկտիվ լինելու համար պետք է խոստովանել, որ մեղադրել Հրանուշ Հակոբյանին բացարձակ անգործության, սիրիահայերի ցավերի ու խնդիրների նկատմամբ անտարբերության մեջ, ճիշտ չէր լինի. այս կառույցը երևի թե միակ պետական օղակն է, որ գոնե ինչ-որ կերպ ջանում է (գոնե առերևույթ) գաղթյալների ցավին դարման գտնել, ինչ-որ կերպ աջակցել:

 

Բայց ցավը կայանում է նրանում, որ ինչքան էլ ուզում է Հրանուշ Հակոբյանը սեփական «կաշվից դուրս գա», միևնույն է՝ ոչ մի էական արդյունքի նա չի կարող հասնել, քանի որ երկիրն է այսպիսին՝ կիսաավեր ու խարխուլ, ուր, եթե փորձենք վերաձևակերպել հայտնի ասույթը, շատ քիչ շներ են իրենց տերերին ճանաչում…

 

Փաստը մնում է փաստ, որ մեր հարազատ կառավարությունը (իր ամբողջության մեջ) տարված չգիտես թե ինչ գործերով, գործնականում մոռացության է մատնել մեր սիրիահայ եղբայրների խնդիրներն ու կարիքները՝ ի սկզբանե տալով դրանց կոսմետիկ լուծումներ: Չնայած, ասա՛, դու նախ տեղի ժողովրդի դա՛րդը լացի, հետո անցի սիրիահայերին, իբր այստեղի ժողովուրդն ի՞նչ օրում է, որ սիրիահայերը ինչ լինեն:


Անհերքելի է, որ, ցավոք, նույն սահամնափակումներին, խնդիրներին, կոռուպցիային ու էլի շատ-շատ վատ բաներին սիրիահայերն էլ են այստեղ բախվում, ու որքան էլ սփյուռքի նախարարությունը,ասենք, վերջիններիս հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստեր գումարի, զանազան առաջարկություններով հանդես գա, միևնույն է՝ ոչնչի չի կարող հասնել, քանի դեռ համակարգը գտնվում է այս աստիճան ժանգոտած վիճակում:


Իսկ թե ովքեր են այս ամենի համար իրական պատասխանատվություն կրողները, հայտնի է հասարակության յուրաքանչյուր անդամի:

 

Այնպես որ՝ չլինենք շատ դաժան ու փորձենք գնահատել կանանց, չէ՞ որ նրանք մեր կյանքի ծաղիկներն են…

Դավիթ Բաբանով