Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրիվ կորցրել է իրականության զգացողությունը: Փորձելով արդարացնել ԴԱԻՇ-ի զինյալներին և այլ իսլամիստ ահաբեկիչներին իրենց ցուցաբերած աջակցությունը, ինչի մասին վաղուց արդեն կասկածներ չկան, Էրդողանն այստեղ էլ է ձգտում մեղքը բարդել Ռուսաստանի վրա:
Եվ ի՞նչ է պարզվում. ըստ թուրքական Milliyet թերթին Էրդողանի տված հարցազրույցի՝ Ռուսաստանը Սիրիայում չի պայքարում ԴԱԻՇ-ի դեմ, այլ նրա պայքարն ուղղված է այսպես կոչված՝ «չափավոր ընդդիմության» դեմ:
Թե ինչ է իրենից ներկայացնում այդ «չափավոր ընդդիմությունը», արդեն պարզ է, հայտնի են նաև դրանում ներառված իսլամիստական ահաբեկչական խմբավորումները և խոշոր հաշվով առանձնապես տարբերություններ չկան այս ահաբեկիչների և ԴԱԻՇ-ի ահաբեկիչների միջև: Բայց Ռուսաստանն ամեն դեպքում մեղավոր է, որովհետև Սիրիայի ներկայիս կառավարության հրավերով է միջամտել, իսկ Սիրիայի կառավարությունն էլ, պարզվում է, լեգիտիմ չէ: Իսկապես հզոր է չէ՞ Էրդողանի տրամբանությունը: Երևի վերջինս մոռացել է, որ նույնիսկ ՄԱԿ-ը Սիրիայի կառավարությունը համարում է լեգիտիմ, Ասադն էլ՝ անկախ արևմտյան պրոպագանդայի ազդեցությունից, շարունակում է մնալ Սիրիայի ժողովրդի զգալի մասի կողմից ընդունված առաջնորդ:
Բայց Էրդողանի համար կարևորը իր գործողություններն արդարացնելն է, իսկ դրա համար ամենահարմար մեթոդը Ռուսաստանին մեղադրելն է: Նա չմոռացավ Ռուսաստանին մեղադրել նաև Ուկրաինա և Վրաստան «ներխուժելու» մեջ: Հետաքրքիր է, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանն իրականացնում էր այդ «ներխուժումները», Թուրքիան լռում էր, ավելին՝ Ռուսաստանը այն ժամանակ Թուրքիայի համար բոլոր դեպքերում ճիշտ էր:
Պատճառը հասկանալի էր՝ համատեղ տնտեսական ծրագրեր կային, սպասելիքներ կային և, բնականաբար, Ուկրաինայի և Վրաստանի ճակատագրերը նույնիսկ այն ժամանակ չէին հետաքրքրում Թուրքիայի ղեկավարությանը: Իսկ հիմա այդ սպասելիքներն այլևս չկան և Էրդողանի սիրտը հանկարծ սկսեց ցավալ նաև Վրաստանի և Ուկրաինայի համար: Շատ սրտացավ մարդ դուրս եկավ, մանավանդ հայերիս նկարտմամբ իր վերաբերմունքը հենց այդ «սրտացավության» վառ ապացույցն է:
Եվս մի հետաքրքիր հանգամանք՝ Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող գործողություններին, Սիրիայի ընդդիմությանը նման վերաբերմունք ունի ոչ միայն Էրդողանը, այլ նաև հայ արևմտամետ որոշ շրջանակներ: Ուստի, այսուհետ, այդ շրջանակները կարող են հաշվի առնել, թե ում հետ են համընկնում իրենց դիրքորոշումները:
Կարեն Վարդանյան