Ինչպես հայտնում է Հայաստանի տպագիր մամուլը, համաձայն վերջին ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալների, որ անցկացվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից, դեպի Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել բավական արագ տեմպերով։
Այդ տվյալների համաձայն՝ անցած տարվա նոյեմբերին մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքի ծավալը կազմել է 68.4 միլիոն դոլար՝ 2014 թվականի նոյեմբերին արձանագրված ավելի քան 90 միլիոն դոլարի դիմաց (նվազումը՝ 24%)։ Այսպիսով՝ մասնավոր տրանսֆերտների ծավալը երկու տարվա ընթացքում, նոյեմբեր ամսվա կտրվածքով, նվազել է ավելի քան 2 անգամ։
Ցնցո՜ղ է, այնպես չէ՞: Իբր մի օրի էինք, հիմա էլ տնտեսական ճգնաժամը «չոքեց բգներիս»:Այն,որ տրանսվերտները նվազել են, վատ է, իհարկե, բայց ցանկանում եմ մի հարց հղել մերոնց. ինչո՞ւ պետք է Հայաստանը գտնվի այնքան խղճուկ վիճակում, որ տնտեսության զարգացման գրեթե միակ գրավականն արտերկրից մասնավոր դրամական փոխանցումները դառնան:
Բա հետո էլ ասում եք՝ ինչու են մարդիկ արտագաղթում: Արտագաղթում են, որ գնան խալխի համար էշություն անեն, էդ վաստակած երկու կոպեկն ուղարկեն այստեղ, որ դուք էլ տարեվերջին սիրուն թվեր նկարեք ու ասեք՝ զարգացնում եք երկրի տնտեսությունն ու այսքան կամ այնքան տոկոս աճ եք կարողացել ապահովել տնտեսությունում: Տեսնո՞ւմ եք, որ արտագաղթն էլ իր լավ կողմերն ունի. ձեր փոխարեն տնտեսությունը զարգացնում են մեր խոպանչի հայրենակիցները. ճիշտ է՝ վերջին շրջանում, կարծես, մի փոքր թերանում են իրենց կոչման մեջ, բայց դե այդ մարդկանց էլ է պետք հասկանալ. ճգնաժամ է ի վերջո, դրսում խառը ժամանակներ են, հո չե՞ն կարող ոմանց փոխարեն բացառապես իրենք աշխատել, մարդ են, չէ՞, հո քարից չե՞ն:
Սիրելի՛ հայրենակիցներ, երբևէ մտածե՞լ եք, օրինակ, ինչու մեր երկիրը չունի հստակ մշակված տնտեսական հայեցակարգ, յուրօրինակ ճանապահային քարտեզ, որը կհանդիսանար այն ուղղորդող գործիքը, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ տնտեսությունը զարգացնել այնպիսի միջոցներով ու ուղիներով, որոնք ի սկզբանե կբացառեին հույսը տրանսվերտների վրա դնելու արատավոր պրակտիկան. համաձայնե՛ք, որ միայն այդ դեպքում մենք կարող էինք ինչ-որ ապագայի հույս ունենալ:
Այնպես որ, երբ ոմանք երբեմն «պայքարում են» երկրից արտագաղթի ալիքը կասեցնելու համար, մի՛ հավատացեք նրանց անկեղծությանը, նրանք, ամենայն հավանականությամբ, ձևական են անում այդ ամենը. ցանկանում են հանրության աչքին թվալ ավելի հայրենասեր ու սրտացավ՝ միևնույն ժամանակ շատ լավ հասկանալով, որ էս երկրի ապագան խոպանչիներն են լոկ, թե չէ ի՞նչ արդյունաբերություն, ի՞նչ մրցունակ արտադրանք, էս ո՞ր թիվն ա, կներմուծեն ու ինչպես հարկն է, կբավարարեն իրենց քմահաճ քիմքերը…
Դավիթ Բաբանով