Այս տարի հունվարի 23-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Սուրբ Սարգսի տոնը, որը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Տոնի առթիվ կազմակերպվելիք միջոցառումները բազմապիսի են. բացի հոգևոր արարողակարգից, կլինեն նաև ցուցահանդեսներ, համերգներ, ազգային ավանդույթներով համեմված միջոցառումներ, զինվորներին և բանակին ուղղված ծրագրեր: Տոնի ժամանակ առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին և հայ զինվորին նվիրված ծրագրերը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ տոնի առթիվ սբ. պատարագ է մատուցվելու Ս.Սարգսի անունը կրող ԱՀԹ երեք եկեղեցիներում՝ Առաջնորդանիստ, Արգավանդի, Նոր Նորքի:
Լրագրողների հետ հանդիպմանը Սուրբ Սարգսի տոնի միջոցառումների համակարգող Էլզա Մանուկյանն ասաց, որ այս տարի առաջին անգամ Արարատյան Հայրապետական թեմը կպարգևատրի վերջին շրջանում սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած մի խումբ զինվորների: Նրանց մի մասը ծառայությունն ավարտել է, մյուսները դեռ ծառայում են:
Հազարավոր երիտասարդներ, եկեղեցիների համայնքների անդամներ, զինվորականներ և այլք Ս.Սարգիս եկեղեցուց Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներով կմասնակցեն խաչապտույտին: Միջոցառումների շրջանակում կազմակերպվել են նաև մանկապատանեկան և ուսանողական ստեղծագործական ցուցահանդես-մրցույթներ: