Սկսվեց ասուլիսների շարանը, երևան եկան նոր «քրեագետներ», «անվտանգության գծով մասնագետներ», ովքեր մինչ օրս ընդամենը քաղաքական կամ հասարակական գործիչներ էին, և սկսեցին իրենց ենթադրությունները հայտնել Նորք-Մարաշի զինված խմբի գործի շրջանակներում «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲԸ հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանի ձերբակալության մասին:

 

Ընդ որում՝ ենթադրությունները հայտնում են համոզված կերպով, թե սա ում կազմակերպածն է, ում սադրանքն է, և այլն, և այլն... Կարծես թե գործ ունենք ամենահզոր կրիմինալիստների, իրավագետների և նման մասնագետների հետ, ովքեր նույնիսկ հետաքննության արդյունքներին սպասելու կարիք չունեն և միանգամից իրենց «հեղինակավոր» կարծիքը հայտնում են:

 

Հարկ կհամարեմ հիշեցնել հարգարժան պարոններին, որ ինչ վերաբերում է մեր երկրի անվտանգության հետ կապված հարցերին, ապա նման թեմաներով զբաղվելու համար կան մասնագետներ, համապատասխան իրավապահներ, որոնք գիտեն իրենց գործը և, ես կարծում եմ, անպայման կպարզեն, թե նշված անձինք կապ ունե՞ն զինյալ խմբի հետ, թե՞ ոչ:

 

Ու չեմ կարծում, թե կապ չունենալու դեպքում նրանց կշարունակեն հետապնդելը: Այո, շատ հնարավոր է՝ ձերբակալված անձինք իսկապես շատ լավ մարդիկ են, ինչպես որ նրանց ներկայացնում են, բայց անկախ դրանից, եթե հարցը վերաբերում է երկրի անվտանգությանը և գործը քննելուն, իսկությունը պարզելու կարիք կա, ապա, կարծում եմ, լավ մարդ լինելու հանգամանքն այստեղ չի կարող խոչընդոտել ընդունված կարգին: Եկեք գոնե երկրի անվտանգության հետ կապված հարցերում մի քիչ ավելի զուսպ լինենք ժամանակից շուտ կարծիքներ հայտնելուց և մի փոքր սպասենք իրավապահ մարմինների գնահատականներին:

 

Կարեն Վարդանյան