Հայաստանում H1N1-ը չի հանդիսացել որևէ երեխայի ուղղակի մահվան պատճառ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Սարգսյանը:

 

«H1N1-ի բարձրացում կա ոչ միայն մեզանում, այլ հարակից երկրներում: Այժմ դեպի իջեցում միտում կա, առկա է հոսպիտալացումների պակասում, ծանր վիճակով հիվանդների վիճակի բարելավում: Նախարարության տվյալներով' հիվանդանոցներից դուրս է գրվել շուրջ 600 երեխա, մեկ քառորդը հիվանդանոց էին տեղափոխվել թոքաբորբով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Սերգեյ Սարգսյանը' շեշտելով, որ բոլոր ծառայություններն աշխատում էին, որ ավելի ծանր դեպքեր չլինեն:

 

Անդրադառնալով այն լուրերին, թե իբրև Հայաստանում H1N1-ից 10 ամսական երեխա է մահացել, Սերգեյ Սարգսյանը շեշտեց, որ մահվան պատճառ հանդիսացել է ուռուցքը:

 

«Մենք վերլուծեցինք միջազգային փորձը, և ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների փորձը ցույց տվեց, որ առավել արդյունավետ է դպրոցների, նախադպրոցական հիմնարկների աշխատանքի դադարեցումը, եթե խոսքը գնում է հիվանդացությունների աճի դեպքերին: Ժամանակին դադարացնելը տվել է իր արդյունքները»,- նշեց նա:

 

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժը խորհուրդ է տալիս ծնողներին գնահատել իրենց երեխաների վիճակը, հիվանդներին դպրոց չուղարկել:

 

«Դիմակները փակ տարածություններում օգտագործման համար են, փողոցներում արդյունավետ չեն»,-նշեց նա:

 

Սերգեյ Սարգսյանը շեշտեց, որ մեր երեխաները կոփված չեն, ինչը հիմնականում տեղի է ունենում ծնողների սխալ վերաբերմունքի պատճառով: