Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի վերաբերյալ: Հայտարարության տեքստում ասվում է.

 

 

«Մենք ափսոսանքով ընդունեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի որոշումը: Նա անխոնջ ու արդյունավետ առաջամարտիկ էր պաշտպանությունից զուրկ մարդկանց համար. այն մարդկանց համար, ովքեր վախենում էին, որ իրենց ձայները կլռեցվեն, եթե իրենք հնչեցնեն անհաճո ուղերձներ, և ցանկացած ՀՀ քաղաքացու համար, ով պայքարում էր, որպեսզի իր իրավունքները հարգվեն: Մենք ամենայն հաջողություն ենք մաղթում նրան իր հետագա ձեռնարկներում: Նա կմնա որպես ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ կառավարության բարեկամ և գործընկեր:

 

 

Պ-ն Անդրեասյանի աշխատանքը կառուցված էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անձնակազմի արհեստավարժության ու նվիրումի շուրջ: Պ-ն Անդրեասյանի թողած ժառանգություններից մեկը, որը դեռ երկար կպահպանվի, անկասկած այս արժեքավոր կառույցի աշխատողների քանակական ու որակական կազմի բարելավումն էր, և մենք լիահույս ենք, որ այս կառույցը մարդու իրավունքների հաջորդ պաշտպանի ենթակայության ներքո կշարունակի լավագույնս ծառայել ի նպաստ Հայաստանի հասարակության շահերի: Մենք պատրաստ ենք շարունակել մեր սերտ համագործակցությունն ու գործընկերություն ը ՄԻՊ գրասենյակի և վերջինիս անձնակազմի հետ՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Մենք պատրաստ ենք աշխատել մարդու իրավունքների նոր պաշտպանի հետ:

 

 

Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստակամություն հանդես բերել աշխատելու ՀՀ կառավարության և մեր հայ գործընկերների հետ՝ առաջ մղելու ժողովրդավարական զարգացումներն ու մարդու իրավունքները: Մեր անմիջական նպատակը եղել և մնում է ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանը, որն անվտանգ է և խաղաղ գոյակցում է իր հարևանների հետ»: