Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 5 միլիարդ դոլարի հոգեբանական շեմը: 2016 թվական Հայաստանը թևակոխել է 5 միլիարդ 71 միլիոն դոլար պետական պարտքով: Անցած՝ 2015 թվականի սկզբին, Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 441 մլն 500 հազար դոլար: Այսինքն՝ անցած տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 629 միլիոն 500 հազար դոլարով:
ԼՈՒՐԵՐ.com-ն Հայաստանի արտաքին պարտքի վտանգավոր շեմի մասին զրուցեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:
«Պարտք կատեգորիան ինքնին ցանկալի երևույթ չէ և պարունակում է որոշակի ռիսկեր, իսկ եթե դրա ծավալն արդեն մեծ է՝ ռիսկայնությունը մեծանում է:
Նման խնդրի առջև հայտնվում են այն երկրները, որոնք, ըստ էության, չեն ունենում տնտեսական այնպիսի համակարգ, որը կայուն և արդյունավետ է գործում:
Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս արտաքին պարտքի սպասարկման առումով, կարծես թե, մենք խնդիր չենք ունեցել, որովհետև ամեն անգամ տարվա բյուջեից առանձնացրել են այն գումարները, որոնք պետք է ուղղվեն արտաքին պարտքի մայր գումարի և հաշվառված տոկոսների մարմանը:
Այս առումով՝ մենք արտաքին պարտքի մարման խնդիր չենք ունենում, բայց ունենում ենք մեկ այլ խնդիր՝ այն գումարները, որոնք ուղղվում են վարկի մարմանը, ոչ այլ ինչ է, քան այն գումարը, որի չափով մենք կրճատում ենք մեր ծրագրերն ու նախագծերը, որոնք ենթադրվում էին իրականացվել: Իսկ այդ գումարը փոքր թիվ չի կազմում»,- ասաց Բոստանջյանը:
Վերջինս նշեց, որ ծրագրերը, որոնք կրճատվում են, խոշոր առումով կրում են սոցիալական բնույթ.
«Հայաստանի Հանրապետությունում 34%-ից ավել աղքատության մակարդակի պայմաններում, խոցելի խավի առկայության պայմաններում, եկամուտների ցածր պայմաններում, բնականորեն, պետական բյուջեն, իր կամքից անկախ պետք է սոցիալական քայլեր անի, իսկ այդ ծրագրերի գումարները գնում են պետական պարտքի մարմանը. այսինքն՝ այդ չափով կրճատվում են ծրագրերը կամ չեն կատարվում»,- ասաց Բոստանջյանը և հավելեց, որ, խոշոր առումով, տնտեսական ոչ ցանկալի զարգացումները 2015-ին և 2016-ի կտրվածքով, չեն կարող մեզ համար հետաքրքիր հեռանկարներ նշմարել, առավել ևս, որ ամբողջ աշխարհում են նկատվում բացասական միտումներ.
«Աճում է Հայաստանի արտաքին պարտքը, որը գերազանցում է մեր համախառն ներքին արդյունքին: Դա արդեն դառնում է վտանգավոր»,- ասաց տնտեսագետը և հավելեց, որ արտաքին պարտքի վտանգը պայմանավորված է գումարների ոչ արդյունավետ օգտագործմամբ, և եթե նույն հոգեբանությունը շարունակվի՝ վաղը մենք կհայտնվենք կոտրված տաշտակի առաջ, և դժվարություններն այնքան ցնցուն կդառնան, որից հրաժարվելը կամ նահանջելը հնարավոր չի լինի:
Գայանե Համբարձումյան