ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 27-ին ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախագահը ողջունել է հյուրին, շնորհավորել նրան՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ և հույս հայտնել, որ պարոն Զալբերն իր մանդատի շրջանակներում կանի ամեն հնարավորը տարածաշրջանում հակամարտող կողմերի միջև վստահության հաստատման համար, ինչը կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Սերժ Սարգսյանը կարևորել է ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում ԵՄ հավասարակշռված դիրքորոշման պահպանումը և խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հանձնառության իրականացումը:

 

 

ԵՄ հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է, որ Միությունը շահագրգռված է հիմնախնդրի շուտափույթ ու խաղաղ կարգավորմամբ և ցանկանում է իր հնարավորությունների սահմաններում նպաստել հիմնախնդրի լուծմանը՝ աջակցելով այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին, որը միակ համաձայնեցված և ընդունելի ձևաչափն է:

 

 

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, առկա իրավիճակին և գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորություններին: ՀՀ Նախագահը ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները: Սերժ Սարգսյանը և Հերբերտ Զալբերը մտքեր են փոխանակել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵՄ հնարավոր աջակցության ուղիների վերաբերյալ:

 

 

Հանդիպմանը ևս մեկ անգամ երկուստեք ընդգծվել է, որ ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, և այն կարող է կարգավորվել միայն հակամարտող կողմերի շահերը բավարարող և կողմերի համար ընդունելի փոխզիջումների հիման վրա: