«Անձնական տվյալների պաշտպանության» մասին օրենքի ընդունումը քայլ առաջ էր Հայաստանում տվյալ ոլորտում առկա խնդիրները կարգավորելու գործում: Հունվարի 29-ին «Անձնական տվյալների պաշտպանությունը և տեղեկատվության ազատությունը» թեմայով քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Նոր օրենքը սկզբունքորեն նախատեսում է թե տվյալներ մշակողների, թե անձնական տվյալների սուբյեկտների համար իրավունքների և պարտականությունների շրջանակ: Այն նախատեսում է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում համապատասխան մարմնի գործառույթների շրջանակը, և այդ շրջանակը գոնե այսօրվա դրությամբ բավարար է, և մենք այսօր կարող ենք արձանագրել, որ այդ մարմինն ի զորու է կատարել իր պարտականությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Նա գոհունակությամբ նշեց, որ արդեն իսկ ձևավորվել է անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ անկողմնակալ և մշտական հսկողություն իրականացնող մարմինը՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: «Ես կարծում եմ, որ սա լավ հնարավորություն է, որ մենք ընձեռել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրազեկ լինել այն քայլերի մասին, որ մենք պատրաստվում ենք իրականացնել և վեր հանել այն խնդիրները, որ առկա են այս ոլորտում»,- հավելեց Արփինե Հովհաննիսյանը:
Եզրափակելով խոսքը՝ Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ կազմակերպված միջոցառումը լավ հնարավորություն է մի կողմից հանրությանը տեղեկացնելու իր սահմանադրական իրավունքի կարևորության ու այդ իրավունքը պաշտպանելու անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ քննարկելու անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրները և գտնելու դրանց լուծման ուղիները:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան իր ողջույնի խոսքում նշեց, որ անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է 2012թ., այսօր այս ոլորտում դեռևս միակ միջազգային փաստաթութղն է: «Այն բաց է բոլոր երկրների համար և կարող է դառնալ համաշխարհային չափանիշ: Փաստաթղթերով սահմանված են մի շարք սկզբունքներ, որոնք պետությունները պետք է ներառեն իրենց ներպետական օրենսդրության մեջ՝ ապահովելով մասնավորապես, տվյալների արդար և օրինական մշակումը:
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը իր խոսքում ներկայացրեց գործակալության սկզբնավորման օրից մինչ այս պահը իրականացված աշխատանքը և կառույցի զարգացման կր տեսլականը: «Հսկայական և բարդ են մեր առջև ծառացած խնդիրները, ինչպես օրինակ՝ անձնական տվյալների մշակումը առանց օրինական նպատակի և չարդարացված ծավալով, տվյալների ապօրինի հրապարակումը կամ երրորդ անձանց փոխանցելը: Գործակալության գործունեութփյան սկզբունքներից մեկը համարում ենք հրապարակային և թափանցիկ աշխատանքը: Երևի շատերդ գիտեք, որ անցած 14 տարւմ եղել եմ տեղեկատվության ազատության ջատագով և փորձել եմ մեր երկրում իրականություն դարձնել հրապարակային և թափանցիկ աշխատանքը: Այժմ լինելով այստեղ՝ փորձելու եմ ապահովել այս կառույցի գործունեութփյան բացարձակ հրապարակայնությունն ու թափանցիկությունը»,- եզրափակեց Դոյոդյանը:
Միջոցառումը կամզակերպել էին ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը և Եվրոպայի խորհուրդը՝ ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում ծրագրային համագործակցության «Անձնական տվյալների պաշտպանության իրավունքի բարելավումը» ծրագրի շրջանակներում: