Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը անհասկանալի է համարում ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների հնարավոր կոալիցիան: Լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը դժվարացավ ասել, թե ինչու ՀՀԿ-ն պետք է շահագրգռված լինի նմանատիպ համագործակցությամբ, քանի որ, ըստ Թևան Պողոսյանի, այն ունի բավարար ուժ Ազգային ժողովում ու քանիցս հայտարարել է, որ միայնակ պատրաստ է ստանձնել երկրի կառավարման պատախատվությունը: «Ես առիթ ունցել եմ ասելու, որ կողմանկից չեմ արհեստական կոալիցիաների ձևավորման, ցավոք սրտի, Հայաստանում կոալիցա ձևավորելու մշակույթը հիմնված է արհեստականության վրա և չունի դրական որևէ պատմություն»,-ասաց պատգամավորը:

 

Նրա խոսքով' Դաշնակացականների համար կոալիցիան գուցե հնարավորություն է կյանքի կոչելու իրենց ծրագրային խոստումները, տեսլականները, դրան զուգահեռ փորձ ձեռք բերելու պետական կառավարման մեջ, ինչ-որ ոլորտների կառավարումը ստանձնել ու իրականացնել: «Բայց եթե դա դառնալու է արհեստական կոալիցիոն համաձայնագիր կամ համագործակցության ձևաչափ, այս պարագայում հերիք է նպաստենք շատ վատ մշակույթի ձևավորմանը»,-հավելեց Թևան Պողոսյանը:

 

Նա նկատեց, որ 2017 թվականից անցումը խորհրդարանական կառավարման ձևին, պետք է բերի գիտակցումը, որ «կոալիցիա» երևույթը լինի ամուր ինստիտուտ ու հիմնված լինի իրական պատասխանատվությունների վրա:

 

Հունվարի 29-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն շարունակում են քննարկել համագործակցության ձևաչափը, բայց դեռ վերջնական որոշում չկա այդ հարցում: