Հայաստանի ներքաղաքական կյանքում հետզհետե սկսում են թեժանալ նոր Ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված քննարկումները, կարծիքների միջև առկա բախումները թևակոխում են միանգամայն նոր փուլ, որոնք ընդամենը մեկ բան են փաստում՝ ընդդիմությունը կտրականապես հրաժարվում է իշխանությունների կողմից հնչող՝ երկրում ընտրական բարեփոխումներ անցկացնելու մասին հավաստիացումների անկեղծությանը հավատալուց՝ համարելով այս ամենն իսկական աչքակապություն, ֆարս, որին իշխողները դիմում են՝ ընդամենն արտաքին աշխարհում Հայաստանի ժողովրդավարական իմիջն ինչ-որ կերպ փրկելու հույսով:


Ոմանք գուցե ընդդիմությանը մեղադրեն ավելորդ հոռետեսության մեջ, ինչպես, օրինակ, դա անում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, բայց պետք է խոսոտովանենք, որ մեր երկրի պատմության հատկապես վերջին տասնամյակներում տեղի ունեցած ընտրություններում տեղ գտած զանազան ապօրինություններն ու խարդախությունները պարզապես թույլ չեն տալիս շատերին՝ վստահություն տածել հայրենի իշխանությունների կողմից նախաձեռնած գրեթե ցանկացած բարեփոխման նկատմամբ:

 

Հիմա. ո՞րն է այս անգամ բարձրացած աղմուկի, եթե կարելի է այսպես արտահայտվել, բուն պատճառը: Այն հանգամանքը, որ ներկայիս Ընտրական օրենսգիրքն ամենևին էլ զերծ չէ թերություններից ու մի շարք վիճելի կետերից, որոնք թույլ են տալիս երկակի մեկնաբանություններ հնչեցնել, հայտնի ու անհերքելի իրողություն է, որքան էլ ինչ-որ մեկը փորձի վարդագույն երանգներ հաղորդել ներկայիս օրենսգրքին. ապացույցը խայտառակ հանրաքվեն էր, որի արձագանքները մինչ օրս շարունակում են լսելի լինել ժողովրդի շրջանում:

 

Աղմկահարույց հանրաքվեն միայն փաստում էր ներկայիս Ընտրական օրենսգրքի սնանկությունն ու անզորությունն այն դաժան իրականության պայմաններում, որում հայտնվել է հայաստանյան՝ առանց այն էլ թերի ժողովրդավարությունը: Հասկանալով ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը՝ իշխանությունները, իհարկե, ոչ բացառապես սեփական բարի կամքով, նախաձեռնեցին նոր Ընտրական օրենսգրքի ստեղծման և ընդունման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ՝ հույս ունենալովՀայաստանում ստեղծել ժողովրդավարության իմիտացիա, իմիտացիա, որը, սակայն, կլիներ շատ ավելի ճշմարտանման, քան դրա նախորդներն էին:

 

Եթե ձեզանից ոմանք չգիտեն, ապա հայտնենք՝ գլխավոր նորամուծությունը, որ նախատեսվում է նոր Ընտրական օրենսգրքով ներդնել մեր ընտրական համակարգում, էլեկտրոնային քվեարկության մեխանիզմն է, որով, ըստ էության, փորձ է արվում ի սկզբանե բացառել զանգվածային ընտրակեղծիքներն ընտրատարածքներում, որպեսզի հնարավոր լինի խուսափել իշխանությունների հասցեին հնչող այն մեղադրանքներից ու գանակոծություններից, որոնք, սովորաբար, հաջորդում են ցանկացած տիպի ընտրություններին: Տեղեկատվության կարգով ասենք, որ Հայաստանում նախատեսվում է կիրառել էլեկտրոնային քվեարկության ղրղզական փորձը, որի առանձնահատկությունն այն է, որ այն կայանում է նունականացման քարտերով: Դե ինչ, առաջին հայացքից՝ միանգամայն պարկեշտ ու ազնվագույն նախաձեռնություն, որի նպատակը Հայաստանում ընտրական այնպիսի մեխանիզմների ներդրումն է, որոնց կիրառումը ժողովրդավարության նոր մակարդակի կբարձրացնի մեր երկիրը: Բայց սա ընդամենը առաջին հայացքից…

 

Եկե՛ք խոստովանենք, որ ինչպես վերջին հանրաքվեն աներկբայորեն ապացուցեց՝ ընտրակեղծիքներն ու ընտրական կոռուպցիան տեղի են ունենում ոչ այնքան ընտրատեղամասերում՝ բոլորի աչքի առաջ, այլ թաքուն, նույնիսկ մարդկանց բնակարաններում: Կհարցնեք՝ ինչի՞ մասին է խոսքը, կասենք՝ընտրակաշառքի, այն խայտառակ երևույթի, որը ժանտախտի նման տարածվել է մեր երկրում՝ համակելով հասարակության գրեթե բոլոր խավերը: Այս երևույթն իրականում այնքան էլ նոր չէ, և բավական երկար տարիներ են, ինչ այն լայնորեն կիրառվում է մեր երկրում: Սա իրականում շատ հարմար գործիք է մարդկանց սեփական կամքը թելադրելու, մարդկանց, ում համար մի քանի հազար դրամը կարող է մի քանի օրվա հացի փող դառնալ. մեր երկիրը, ցավալիորեն, լինելով աղքատ ու ընչազուրկ, լի է նման մարդկանցով, որոնք հասարակության բավական պատկառելի մասն են կազմում:


Մարդկանց այլևս մի տեսակ վարժեցրել են փող վերցնելուն, դարձրել են ակամա կաշառակերներ, ինչի արդյունքում՝ ընտրությունները վերածվել են իսկական տրագիկոմեդիայի: Ո՞րն է այս ամենի խորքային պատճառը: Վստահաբար՝ ժողովրդի շրջանում իշխանությունների նկատմամբ առկա անվստահությունն ու կյանքից հիասթափվելը. երկար ժամանակ տեսնելով, որ իր ձայնը գրեթե զրոյական նշանակություն ունի երկրում իշխանությունների ձևավորման պրոցեսում, հասարակ մարդը հետզհետե հասկացավ, որ մեր երկրում ապրելու միակ կենսունակ բանաձևը «շնից մազ պոկելն է»:

 

Իրականում քաղաքացին, որը կամովին կաշառվում է, այդ պահին իր վրեժն է լուծում իշխանություններից՝ վստահ լինելով, որ նրանց «հախից» կարող է գալ միայն այդ ճանապարհով:Շատերը նույնիսկ սկսել են խաբել կաշառատուներին՝ վերցնելով ընտրակաշառքն ու ձայնը տալով ընդդիմության թեկնածուին կամ քվեարկելով այնպես, ինչպես ընդդիմությունն է կոչ մանում: Սակայն փաստ է, որ ընտրակաշառքն այն միակ գործուն ու իշխանությունների համար անվտանգ գործիքն է, որը ներկայումս թույլ է տալիս իշխողներին վերարտադրվել: Հիմա. ի՞նչ կապ ունի էլեկտրոնային քվեարկության համակարգը մեր երկրում ժողովրդավարական ավանդույթների ձևավորման հետ. իրականում ոչ մի աղերս էլ չունի: Կաշառքը կտան, կշողոքորթեն, մարդն էլ կգնա այս անգամ ոչ թե ծրար կնետի սպիտակ արկղի մեջ, այլ կսեղմի համապատասխան կոճակը և վերջ: Ձևը փոխելով՝ բովանդակությունը չես կարող փոխել. դա անհերքելի փաստ է: Որքան էլ իշխանութունները շեփորահարեն նոր ընտրական օրենսագրքով նախատեսված նորամուծությունը' էլեկտրոնային քվեարկությունը, ակնհայտ է, որ այն որևէ խոչընդոտ չի կարող հարուցել իշխանությունների համար' սեփական վերարտադրությունը հետագայում ևս հաջղությամբ ապահովելու: Այնպես որ՝ Գալուստ Սահակյանը, ով Հայաստանում միակ կենսունակ կուսակցություն է համարում ՀՀԿ-ն, կարող է այս անգամ էլ հանգիստ լինել. ամենայն հավանականությամբ՝ նա կշարունակի հետագայում ևս օգտվել կյանքի այն բարիքներից, որոնք հասանելի են միայն հայրենի իշխանավորներին…

 

Դավիթ Բաբանով