Արդեն մեկ տարուց ավել է՝ մենք ԵՏՄ անդամ ենք, բայց այդ կառույցի անդամ լինելու արդյունավետությունն այդպես էլ դեռ չենք զգացել:

 

Սակայն 2016-ը ԵՏՄ-ի համար էլ սկսվեց արդեն որոշակի իրավիճակի փոփոխությամբ, որից, խելացի աշխատելու դեպքում, մենք կարող ենք շահեկան դիրքով դուրս գալ: Խոսքս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակման մասին է:

 

Ինչպես արդեն տեղյակ ենք, Տիգրան Սարգսյանն այսօրվանից անցավ իր պարտականությունների կատարմանը: Բացի այդ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում հայտնվել է ևս մեկ հայազգի նախարար, հանձնաժողովի՝ ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարարի պաշտոնն է ստանձնել ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը:

 

Այսինքն՝ կարող ենք ասել, որ Տիգրան Սարգսյանը փաստացի դարձավ ԵՏՄ-ի «վարչապետ», իսկ նախարարների մեջ ունեցանք հայ նախարար: Չօգտվել այս իրավիճակից և ԵՏՄ-ի գործունեությունը չդարձնել ի նպաստ Հայաստանի՝ առնվազն անթույլատրելի կլինի: Հուսանք, որ որոշ ժամանակ անց կկարողանանք նաև դրական արդյունքներ արձանագրել: Ժամանակը ցույց կտա:

 

Կարեն Վարդանյան