Գյումրիում գործող Քանդակագործության Ազգային պարկ թանգարանը մտահոգություն է հայտնել Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու պատկանելիության վիճարկման և թերի վերականգնման վերաբերյալ: Պատմության խեղաթյուրման դեմ պայքարի նպատակով change.org-ում ստորագրահավաք է սկսվել:

 

 

Կազմակերպությունը կոչ-հայտարարությամբ դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական ժառանգության կոնվենցիայի հանձնախմբին՝ ուշադրություն հրավիրելով Թուրքայի կողմից Անի քաղաքի վերականգնման և պատմական փաստերի կեղծման քաղաքականության վրա:

 

 

Բանն այն է, որ եկեղեցու վերականգնման ընթացքում Թուրքիան հայտարարում է, որ այն քաղկեդոնական է, այդպիսով վիճաբանություններ և մշակութային հակամարտություն է հրահրում վրաց-հայկական հարաբերություններում:

 

 

Մինչդեռ, անցյալում լինելով պատմական հայկական մայրաքաղաք ու մի քանի ազգությունների բնակավայր՝ Անին մնում է հայկական: Սա արձանագրված է պատմական տեղեկություններում, առկա վիմագրերում: Ավելին, եկեղեցու որմնանկարներից 17- ում պատկերված են Հայ Առաքելական Եկեղեցու առաջին հայրապետ և հիմնադիր Սբ Գրիգոր Լուսավորչի տանջանքները ներկայացնող պատկերներ, որոնք եկեղեցու ազգային և դավանաբանական պատկանելիության ցցուն ապացույց են:

 

 

Հայտարարելով Անին մշակութային բազմազանության պատմական տարածք՝ Թուրքիան շեղում է միջազգային հանրությանը բուն հայկական պահանջներից և դրանով իսկ ստեղծում պահանջի չեղարկման միջավայր:

 

 

Քանդակագործության Ազգային պարկ թանգարանը պահանջում է ոլորտի թուրքական պատասխանատու կառույցներից զերծ մնալ եկեղեցու պատմական պատկանելիության շուրջ հայտարարություններից, եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակում նշել, որ այն հայկական քրիստոնեական եկեղեցի է: Միաժամանակ, ավարտին հասցնել և այս փուլով չամփոփել եկեղեցու գմբեթի շինարարությունը: Եվ, որ ամենակարևորն է ՝զերծ մնալ Վրաստանի և Հայաստանի միջև մշակութային հակամարտության հրահրումից:

 

 

«Վստահ ենք, որ մեր վրացի եղբայրներն այս հարցում ունեն բարեկամական մոտեցում և պատմական արդարության վերականգնման համար պատրաստ են մասնագիտական և հանրային քննարկումների ու երկխոսության: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում և երկխոսությամբ կարող ենք լուծել ցանկացած խնդիր՝ դեմքով այդ խնդիրներին դառնալու դեպքում»,- ասված է կոչ-հայտարարության մեջ: