Դեռ 2 օր առաջ գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նախագահական նստավայրում ունեցած հանդիպումից հետո ասել էր, որ ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնի, համենայն դեպս՝ իր ցանկությունն է այդպիսին: Այսօր արդեն Զոհրաբյանը լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում հաստատել է, որ ինքը դեմ է կոալիցիա մտնելուն, սակայն իր ընկերներն իր կարծիքը չեն կիսում:

 

 

Այսպիսով, ԲՀԿ-ի ներսում խժդժություններն ավելի քան իրական բնույթ են կրում, ու թեև Նաիրա Զոհրանյանն ասել է, որ կոալիցիային անդամակցելու հարցն այլևս ԲՀԿ-ի օրակարգում չէ, սակայն ես չեմ կարծում, թե ԲՀԿ-ական գործարարները և Վահան Բաբայանը, ովքեր կողմ են կոալիցիա մտնելուն, կզիջեն իրենց դիրքերը և չեն փոչձի կուսակցության նախագահին համոզել հակառակում:

 

 

Վերջապես, այդ կուսակցությունում շատ են գործարարները, իսկ գործարարի համար առաջնայինն իր բիզնեսն է, և իր բիզնեսի կայունությունն ապահովելու համար նրան ավելի ձեռնտու է իշխանության մասին լինելը: Նաիրա Զոհրաբյանին էլ դժվար կլինի ընդհանրապես հաշվի չառնել կուսակցական գործարարների կարծիքը, քանի որ կուսակցությունները գոյատևում են և նյութական, ֆինանսական խնդիրները լուծում նաև իրենց կազմում գտնվող գործարարների շնորհիվ:

 

 

Այնպես որ, ըստ իս, սա ԲՀԿ-ում խժդժությունների դեռ միայն սկիզբն է:

 

 

Կարեն Վարդանյան