Հայաստանի Հանրապետության նախարարություններից ամենաշատ քննադատվողներից մեկը թերևս Արտաքին գործերի նախարարությունն է, և դրա հիմքը, իմ կարծիքով, հենց իրենք են ստեղծել՝ իրենց զգալի պասիվությամբ: Երկրի համար նշանակություն ունեցող իրադարձություններին հաճախ մեր ԱԳՆ-ն արձագանքում է բավականին ուշացումով, երբեմն էլ՝ չի արձագանքում:
Facebook սոցիալական ցանցի հայ օգտատերերի շրջանում էլ հումորային և անեկդոտների թեմաներից մեկն էլ այն է, թե ունե՞նք մենք արդյոք ԱԳՆ և ԱԳ նախարար, և այդ հումորային գրառումների մեջ երբեմն ոմանք զարմանքով «հայտնաբերում» են, որ պարզվում է՝ ունենք:
Քննադատությունները, եթե շատ են, ի վերջո տեղ հասնելու և սթափեցնելու հատկություն ունեն: Երևի թե մեր ԱԳՆ-ին այնքան քննադատեցին, որ այս անգամ մերոնք որոշեցին Հյուսիսային Կորեայի՝ բալիստիկ հրթիռ արձակելուն առաջին արձագանքողներից, նույնիսկ՝ առաջին դատապարտողներից լինեն, այն էլ՝ կիրակի օրով: Թերևս Կիմ Չեն Ինը մեր երկրի համար կարևորագույն խնդիրներից է...
Լավ է, վատ չի, ուղղակի ավելի լավ կլիներ՝ նույն արագությամբ արձագանքեին նաև ԵԽԽՎ-ում Միլիցա Մարկովիչի բանաձևի ընդունմանը կամ անցած տարվա հոկտեմբերին թուրքական ուղղաթիռի՝ Հայաստանի օդային սահմանի խախտմանը: Մնում է հուսանք, որ այսուհետ արդեն նման դեպքերում էլ արագ կարձագանքեն: Փաստորեն երբ որ ուզում են՝ կարողանում են աշխատել:
Կարեն Վարդանյան