Փարիզում կայացած ձյուդոյի Մեծ սաղավարտի խաղարկությունում 5-րդ տեղը զբաղեցրած Հովհաննես Դավթյանը իրավունք է նվաճել մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, մարզիկը Ճապոնացիների եւ կորեացիների հետ գոտեմարտերում դեռեւս փոքր-ինչ դժվարությունների է հանդիպում: Այս ուղղությամբ դեռ պետք է աշխատել:
Հովհաննես Դավթյանն այլեւս չի մասնակցի մրցաշարերի, նա կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 27-ին՝ Ռուսաստանի Կազան քաղաքում: Առաջիկայում նա ուսումնամարզական հավաքների է մասնակցելու: Մասնավորապես, մարտի 5-17-ը կմասնակցի Չեխիայում կայանալիք ուսումնամարզական հավաքին: Եվրոպայի առաջնությունից հետո նա կշարունակի նախապատրաստվել օլիմպիական խաղերին:
Մինչ օրս Հայաստանից Օլիմպիական վարկանիշ են նվաճել 7 ծանրորդ, 3 ըմբիշ եւ 1 մարմնամարզիկ: Հովհաննես Դավթյանի նվաճած ուղեգիրը 12-րդն է: