Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրահանձնաժողովի ղեկավար Յան Կլոդ Յունկերին սպառնացել է, որ եթե Եվրամիությունը չփոխի Անկարայի հետ պայմանագրի պայմանները, ապա թուրքական կողմը կբացի իր սահմանները՝ փախստականներով ողողելով ամբողջ Եվրոպան:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է գերմանական Der Spiegel թերթը՝ հղում կատարելով Անթալիայում անցկացված բանակցությունների ձայնագրություններին:

 

Նշվում է, որ Էրդողանին զայրացրել է այն, որ ԵՄ-ն մտադիր է փախստականներին Թուրքիայում պահելու համար Անկարային խոստացած 3 մլրդ եվրոն փոխանցել 2 տարվա ընթացքում: Էրդողանը պահանջել է փոխանցումը կատարել անմիջապես և հասցնել տարեկան 3 մլրդ եվրոյի:

 

Նա ասել է, որ եթե Եվրոպան չհամաձայնի իր պահանջներին, ապա կբախվի մեծ խնդիրների, և Բրյուսելն ինքնուրույն չի կարողանալու դուրս գալ այդ ճգնաժամից:

 

Թերթն ընդգծում է, թե փաստաթղթից երևում է, որ Էրդողանը բավականին իշխանություն է զգում Բրյուսելի վրա: