Սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստան եկած հազարավոր սիրիահայերից ոչ բոլորն են կարողանում հայրենիքում հաստատվել, բավարար գումար վաստակել և ապրել: Այս ընթացքում Հայաստանից սիրիահահայ շատ ու շատ ընտանիքներ հեռացան: Պատճառները տարբեր էին՝ ճնշումներ, ցածր վարձատրվող աշխատանք կամ ընդհանրապես գործազրկություն և այլն: Վարպետ Հակոբը և իր ընտանիքը Հայաստան են ժամանել անցած տարվա հունիսի 8-ին: 8 ամիս է, ինչ կնոջ հետ ապրում են Երևանում: Հայաստան են եկել այն հույսով, որ կկարողանան աշխատանք գտնել, արժանապատիվ կյանք սկսել, մոռանալ Սիրիայում տեղի ունեցած դաժան իրադարձությունները: Բայց, կարծես՝ Հայաստանը կամ ավելի ճիշտ՝ հայաստանյան ղեկավարությունը, այս ընտանիքին գրկաբաց չընդունեց:

 

 

 

Նախնական շրջանում հնչեցված խոստումները՝ աշխատանքով, բնակարանով ապահովելն ի չիք դարձան, երբ ընտանիքը բախվեց հայաստանյան դաժան իրականությանը: Վարպետ ՀակոբըԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց Հայաստանում հանդիպած դժվարությունների մասին, որոնք այդպես էլ չեն լուծվել: Երևան գալով՝ վարպետ Հակոբն սկսում է աշխատել Ավան թաղամասում գտնվող մեքենաների վերանորոգման կետում՝ որպես վարպետ: Վաստակել է շատ քիչ: 

 

 

«Դե մի օր մեքենա կլիներ, կաշխատեինք փող, չէր լինի՝ չէինք աշխատի: Մի շաբաթ 10 հազար դրամ կստանայի, շաբաթ կար՝ 20 հազար դրամ, շաբաթ էլ կար՝ ընդհանրապես փող չէի ստանում: Բայց հարցը դա չէր, հարցն այն էր, որ մեզ Հայաստան գալուց հետո ոչ մի կերպ չօգնեցին՝ չնայած խոստացել էին գործիքներ տրամադրել: Ամեն անգամ հետաձգում էին. մեկ Նոր տարի էր, մեկ գումար չունեին և այդպես շարունակ: Ես և տիկինս շվարած վիճակի մեջ մնացինք: Մենք չկարողացանք տուն վարձել, եկանք աներորդուս տանը մնացինք, մինչև այսօր այստեղ ենք: Միայն կարող եմ ասել, որ մի անգամ ուտելիք ենք ստացել օգնություն»,- պատմում է նա: Վարպետ Հակոբը և իր տիկինը հիասթափվել են ոչ թե Հայաստանից, այլ ՀՀ ղեկավարությունից, ովքեր իրենց այսքան ժամանակ որևէ հարցով չեն օգնել: Բազմիցս դիմել են կառավարությանը, Սփյուռքի նախարարությանը, սակայն ապարդյուն: Ընտանիքի տիկինը սրտի հետ կապված խնդիրներ ունի, դեղեր են հարկավոր, դա էլ չեն կարողանում ստանալ, անընդհատ հետաձգում են: Խնդիրները շատ են, իսկ լուծման եզրեր չեն տեսնում: Սիրիահայ այս ընտանիքը որոշել է հեռանալ Հայաստանից:

 

 

Վարպետ Հակոբը մեզ հետ զրույցում ասաց, որ փետրվարի 23-ին մեկնում են Լիբանան, որտեղից էլ եվրոպական ինչ-որ երկիր: «Մենք Հայաստանը շատ ենք սիրում, բայց չենք կարողանում ապրել այստեղ: Մենք մուրացկան չենք, մենք իրենցից ուզում էինք աշխատանք և բնակարան, որպեսզի կարողանանք ապրել մեր հայրենիքում, բայց ափսոս…»,- ափսոսանքով ներկայացրեց Վարպետ Հակոբը:

 

Վարպետ Հակոբի ընտանքիը մեկն է այն սիրիահայ ընտանիքներից, ովքեր Հայաստան գալով այլ ապագա էին սպասում, այլ սպասելիքներ ունեին, ովքեր հիասթափությամբ են հեռանում հայրենիքից: Այսքանից հետո Սփյուռքի նախարարությունը «Արի տուն» ծրագիր է մշակում, կառավարությունն իբր հարկային արտոնություններ է տրամադրում, բայց արդյունքն այն է, ինչ տեսնում ենք:

Քրիստինա Աղալարյան