Հայտնի շոումեն, «Comedy Club» ակումբի հիմնադիր և անդամ Գարիկ Մարտիրոսյանի ջանքերով ռուսական ТНТ հեռուստաընկերությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված տեսահոլովակ, որին մասնակցում էին հեռուստաընկերության հայտնի դեմքերը: Ինչո՞ւ Գարիկ Մարտիրոսյանը կարողացավ, իսկ ադրբեջանցիները՝ ոչ, այս հարցը ստիպել է ադրբեջանական haqqin.az-ին ինքնաքննադատական վերլուծություն անել:
Հոդվածի հեղինակը նշում է, որ ТНТ-ի վերոնշյալ տեսահոլովակում նկարահանվել է նաև ազգությամբ ադրբեջանցի դերասանուհի Յուլիա Ահմեդովան, իսկ կրկին ազգությամբ ադրբեջանցի գրող Էդուարդ Բագիրովը Ֆեյսբուքի իր էջում ցավակցել է հայերին:
«Իսկ ո՞վ է Գարիկ Մարտիրոսյանը: Սովորական նախկին ՈՒՀԱ-ի մասնակից: Բայց ՈՒՀԱ-ում մենք էլ շատ լավ ներկայացուցիչներ ունեինք, ովքեր կարող էին Comedy Club-ից ոչ պակաս հաջող նախագիծ անել, և դրա անդամներն էլ Խոջալուի ցեղասպանության տարելիցը հիշեին…
Ռուսաստանում հայտնի է Էմին Ագալարովը՝ Ալիևի փեսան, ում կապերը Ռուսաստանում Գարիկ Մարտիրոսյանի կապերից պակաս չեն: Ի՞նչը խանգարեց նրան կազմակերպել ռուսական էստրադայի աստղերի մասնակցությամբ համերգ՝ նվիրված Խոջալիի կոտորածների 20-ամյակին: Բայց ոչ, նման համերգ չեղավ:
Փոխարենը Մոսկվայի Crocus City Hall-ում, որն Ագալարովներինն է, տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի համերգը, ով Հայոց ցեղասպանության ճանաչման ամենավառ պայքարողներից մեկն է: Մինչդեռ այդ բեմում կարելի էր Խոջալուի դեպքերին նվիրված համերգ անել...
Թե ինչու այդ ամենը չեղավ, պատասխան չունեմ: Փոխարենը հասկանում եմ, որ չպետք է ժամանակ ծախսենք հայերին քննադատելու վրա, որ նրանք իրենց շահերը պաշտպանում են բոլոր հնարավոր մեթոդներով, այլ պետք է մտածել սեփական անտարբերության մասին…»,- գրել է ադրբեջանցի լրագրողը: