Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ երեկոյան կստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի ՀՅԴ-ի հետ այսօր սպասվող կոալիցիոն հուշագրի ստորագրման մասին, ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններում սկզբունքային հարցերն արդեն քննարկված են, մնացել են տեխնիկական հարցերը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՅԴ-ից ստորագրողը լինելու է ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։
Նշենք, որ արդեն որոշված է, թե ինչ պորտֆելներ կտրվեն ՀՅԴ-ին կոալիցիա մտնելուց հետո. Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին կփոխարինի ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին՝ Արծվիկ Մինասյանը, իսկ Տարածքային կառավարման նախարար կնշանակվի Դավիթ Լոքյանը:
Բացի այդ, «Դաշնակցությանն» է տրվելու 6 փոխնախարարի պաշտոն և 2 մարզպետի՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի: