Երեկ Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչներն ի նշան բողոքի՝ սպառնում էին փակել Երևան-Արտաշատ ավտոճանապարհի հայտնի Խոր Վիրապի խաչմերուկը:
Գյուղացիները հայտարարել են, որ գյուղնախարարը բազմիցս խոստացել էր, թե գյուղմթերքը գործարաններին հանձնելուց հետո, վճարները կփոխհատուցվեն: Այժմ, երբ մթերքը հանձնված է, որոշակի գումար տրամադրելուց հետո, գյուղացիներն այլևս չեն վճարվել:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հիշեցրեց, որ անցած տարի խաղող վերամշակող գործարանները խնդիրներ ունեին՝ կապված տարողությունների, վաճառքների ծավալի անկման հետ, և դա հիմնականում պայմանավորված էր ռուսական ռուբլու արժեզրկմամբ, իսկ մեր հիմնական արտահանման ուղղությունը ՌԴ-ն է:
Փոխնախարարի խոսքով՝ Հանրապետության ղեկավարության և Գյուղատնտեսության նախարարի հորդորով խաղողը մթերվեց վերամշակող կազմակերպությունների ղեկավարների կողմից, չնայած շատ վերամշակողներ ցանկություն չունեին անգամ մեկ կիլոգրամ խաղող ընդունելու:
Այնուհետև կնքվել են պայմանագրեր, որպեսզի մթերումից հետո վճարումները մաս-մաս կատարեն:
«Լուսառատ համայնքում հիմնական մթերումն իրականացրել են Պռոշյանի և Քաղցրաշենի գործարանները: Երեկ խոսել եմ Քաղցրաշենի գործարանի տնօրենի հետ, ով խոստացել է ամենաուշը մարտի 1-ից սկսած՝ պարտքն ամբողջությամբ վճարել, իսկ Պռոշյանի գործարանը վճարումների՝ շուրջ 70 տոկոսն արդեն կատարել է, իսկ մնացածն ընթացքում կվճարեն: Իրենք էլ հասկանում են, որ մինչև գյուղատնտեսական աշխատանքների սկսելը, պետք է վճարեն, որ գյուղացին գումար ունենա՝ այգիները մշակելու համար»,- ասաց Մակարյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող նախարար Սերգո Կարապետյանը տեղյակ է ժողովրդի բողոքից, և փոխնախարարն ամենօրյա կապի մեջ է նրա հետ:
Մեր այն հարցին, թե ի՞նչ խնդիր է լուծելու Սերգո Կարապետյանը Հնդկաստանում, փոխնախարարը պատասխանեց.
«Որպեսզի խուսափենք 2015 թվականի աշնան իրադարձություններից, առաջին ուղղությունն արտահանման ծավալների ավելացումն է: Հնդկաստանը մեծ շուկա է, և հիմնական նպատակը գինեգործական արտադրանքի արտահանման կազմակերպումն է: Նախարարը հանդիպելու է հիմնական ներկրողների հետ, այնուհետև այդ կազմակերպությունների ներկայացուցիչները կայցելեն Հայաստան՝ գործընկերային հարաբերություններ հաստատելու խաղող վերամշակող ընկերությունների հետ»: