ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 2/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

 

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի բնակիչ Կ.Ղազարյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու դիտավորությամբ այցելել է թիվ 2/06 ընտրատեղամաս, մոտեցել հանձնաժողովի անդամին, ներկայացրել նշված ընտրատեղամասի ընտրող Ռ. Բերեզովսկու տվյալներով կեղծ անձնագիր, ընտրատեղամասի ընտրողների մատյանում ստորագրել վերջինիս անվան դիմաց, ստացել քվեաթերթիկը և գցել քվեատուփը՝ այդպիսով քվեարկելով այլ անձի փոխարեն:

 

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու համար:

 

 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքաննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: