90-ականներին արտասահմանում Ադրբեջանին ճանաչում էին որպես «փախչող նախագահների պետություն» (Վեզիրով, Մութալիբով, Էլչիբեյ), իսկ ինչպե՞ս են այժմ ճանաչում Ադրբեջանին արտասահմանում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հարցադրմամբ հանդես է եկած «Ազադլըգ» թերթը գրում է, որ այժմ Ադրբեջանին արտասահմանում ճանաչում են որպես «կոռուպցիայի չեմպիոն», «ոչ ազատ երկիր»: Հեղինակավոր մամուլի օրգանները, միջազգային կազմակերպություններն Ադրբեջանին բոլոր պարամետրերով մտցրել են «սև ցուցակի» մեջ: Ադրբեջանն արտասահմանում ճանաչվում է որպես կրթության, առողջապահության, իրավական ավերակված համակարգեր ունեցող, խոսքի ազատությունը խախտող, ընտրությունները կեղծող, համատարած մենատիրության, ոչ ազատ դատարանների երկիր: Օրինակ' բնակչության յուրաքանչյուր շնչին ընկնող պետական պարտքի մեծությամբ, տնտեսության նավթից կախվածության մեծ տոկոսի, Եվրոպական դատարան ուղարկված բողոքների թվաքանակի, չինովնիկների հսկայական ունեցվածքի գծով Ադրբեջանը գտնվում է առաջին շարքերում:

 

«Պատահական չէ, որ միջազգային մամուլն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացնում է որպես «մամուլի գիշատիչ», «ավտորիտար առաջնորդ», «խան»: Ադրբեջանն աշխարհում հռչակավոր է նաև որպես ամենաշատ քաղաքական բանտարկյալ ունեցող երկիր»,- գրում է թերթը:

 

Ըստ թերթի՝ եթե 90-ականներին Ադրբեջանը ճանաչում էին մի քանի նեգատիվ ցուցանիշների պատճառով, ապա այսօր այն ճանաչվում է հարյուրավոր նեգատիվ ցուցանիշներով: Օրինակ' որպես «հաջող» քաղաքականության արդյունքում սոցիալ-տնտեսական բնագավառում խորը ճգնաժամում հայտնված, «արագորեն փախչող ազգային տարադրամի երկիր»:

 

«Փախչող նախագահների երկիր» ճանաչվելն ամոթալի չէ: Ամոթալին այն է, որ կառավարության գլուխ կանգնած յուրաքանչյուրը երկրից միլիարդներ է փախցրել, և ընդհանուր առմամբ 95 մլրդ դոլարից ավելի միջոց գողացվել և օֆշորներ է փոխադրվել»,- ամփոփում է թերթը: