Այն օրվանից, ինչ Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին, չեն դադարում բարձրագոչ հավաստիացումներն այն մասին,որ Հայաստանի անդամակցությամբ նոր էջ է բացվել հայ-ռուսական միջտնտեսական կապերի պատմության մեջ. դրանք գնալով է՛լ ավելի են խորանալու, է՛լ ավելի ամրապնդվելու: Չնայած ողջ պաթոսին՝ ժամանակն ապացուցեց, որ այն սպասելիքները, որոնք կային՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ կապված, խիստ լավատեսական էին, իսկ դրա հնարավոր դրական արդյունքների մասին խոսելու համար դեռևս բավական երկար ժամանակ կպահանջվի:

 

Ժամանակակից աշխարհում, ուր իշխում է մրցակցության ոգին ու ծայրահեղ պրագմատիզմը, պետք է բոլորիս համար պարզ լինի, որ արևի տակ մեր տեղն ունենալու համար, ամենակարևորը, մեզանիցպահանջվում է նախաձեռնողականություն, որը, համաձայնե՛ք, մեր ուժեղ կողմերից չէ. մենք «ալարում» ենք տեղից շարժվել ու նախաձեռնողականություն ցուցաբերել՝ վստահ լինելով, որ այդ ամենը, չգիտես՝ ինչու, մեր փոխարեն անելու են մեզ հարազատ ռուսները, մինչդեռ պարզվում է՝ ռուսները չեն վստահում հայ գործարարներին: Ահավասիկ մեկ օրինակ. ահա տևական ժամանակ է, ինչ Հայաստանի ջերմոցների ասոցիացիան բանակցություններ է վարում Ռուսաստանի փորձագիտական կենտրոնի հետ՝ Հայաստանում 65 հեկտար ջերմոցներ կառուցելու նպատակով: Պարզվում է, որ ոլոտում համապատասխան ներդրումներով հանդես գալու համար ռուսները պետական երաշխիքներ են պահանջում, ինչը, սակայն, մեր պետությունն այդպես էլ չի տալիս: Ոլորտում գործունեություն ծավալողներից ոմանք պնդում են՝ բանը հասել է նրան, որ իրենք ստիպված են դիմել համաշխարհային բանկին՝ որպես երաշխավոր հանդես գալու համար. պետությունը, փաստացի, հրաժարվում է երաշխավորելուց:


Հետո էլ կանգնում ենք ու ռուսներից բողոքում, թե՝ գիտե՞ք, մեր ռուս եղբայրները մեզ է՛լ չեն սիրում, մեզ չեն վստահում ու երկակի խաղեր են խաղում մեր գլխին: Ճիշտ է, միգուցե այդ պահին մոռանում ենք, որ եթե ինչ-որ բանում ռուսները, այնուամենայնիվ, թերանում էլ են, ապա դա հիմնականում տեղի է ունենում մեր մեղքովմենք վստահելի բիզնես գործընկեր չենք և ոչ մեկի համար: Եթե Հայաստան պետությունն ի վիճակի չէ տարրական երաշխիքներ տալ օտարերկրյա ներդրողներին (ռուսները ևս օտարերկրացիներ են՝ չնայած մեզանում իշխող այն կարծիքին, թե ռուսն ու հայը մի մարդ են), ինչո՞ւ պետք է նրանք գան ու իրենց քրտինքով վաստակած գումարները վտանգի ենթարկելով՝ Հայաստանում զարգացնեն, ասենք, նույն ջերմոցային տնտեսությունները. ո՞րն է այս ամենում նրանց օգուտը:

 

Չեմ բացառում, որ նման անհեթեթ իրավիճակի պատճառ լինեն որոշ չինովնիկների նկրտումները՝ իրենցով անելու ողջ ոլորտը՝ ազատելով իրենց ավելորդ մրցակցությունից. մարդիկ, ելնելով սեփական բիզնես շահերից, ընթացք չեն տալիս գործին, ու ոլորտը մնում է այդպես էլ թերզարգացած՝ մեր գյուղատնտեսության համար դրանից բխող ամենավատթար հետևանքներով հանդերձ: Ուրեմն՝ եկե՛ք չբողոքենք օտարներից ու նախ մեր «աչքի գերա՛նը» տեսնենք, հետո միայն մատնացույց անենք ուրիշների թերացումները. ռուսն ի՞նչ մեղք ունի, որ մեր երկիրն այսպիսին է, կարո՞ղ եք ասել…

Դավիթ Բաբանով