Դաղստանի Դերբենդ քաղաքի մոտ, Ադրբեջան-Ռուսաստան սահմանում ոստիկանական պահակակետում փետրվարի 15-ին պայթուցիկով բեռնված ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյունի ժամանակ երկու ոստիկան զոհվել, 9 մարդ ծանր վիրավորվել, բազմաթիվ մարդիկ էլ տարբեր վնասվածքներ էին ստացել:
Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով virtualaz.org կայքը, հետաքննությունը պարզել է, որ պայթյունն իրագործել է 25-ամյա Մագոմեդալի Մուրլիեւը, որը ցանկանում էր անցնել Ադրբեջանի տարածք:
Նրա վարած VAZ 2109 ավտոմեքենայի պայթելու հետեւանքով ՌԴ-Ադրբեջան մայրուղում երթեւեկությունը դադարեցվել էր: Հետո նաեւ բացահայտվել էր, որ պայթյունն իրագործել է Դաղստանի հարավում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը միացած խմբավորումը:
Նշվում է, որ վերջին շրջանում այդ խմբավորման հետ Մուրլիեւը թաքնվում էր անտառներում: Սակայն, գնդակոծությունների ժամանակ վիրավորվել եւ բժշկական օգնության կարիք ուներ: Ընկերները նրան խոստացել էին պայմաններ ստեղծել Ադրբեջան փախչելու համար: Այդ օրը Ադրբեջան անցնելու անվան տակ ընկերները նրան ճանապարհել են VAZ 2109 ավտոմեքենայով: Մուրլիեւը տեղյակ չի եղել ավտոմքենայում պայթուցիկ լինելու մասին: Ոստիկանական պահակակետ հասնելու պահին պայթուցիկը գործի է դրվել հեռվից ղեկավարմամբ:
Մագոմեդալի Մուրլիեւի եղբայրը' Ֆելիքս Մուրլիեւը հայտնել է, որ եղբայրը հոնել էր անտառներում թաքնվելուց, եւ մտածում էր կամ հանձնվել իրավապահ մարմիններին, կամ էլ մեկնել Սիրիա:
Ահաբեկչական գործողության կազմակերպիչներից մեկի' 23-ամյա Ադմիր Թալըբովի հայրը' Էլջանն ասել է, որ լսել էր, որ որդին պայթյուն իրագործելու համար ավտոմեքենա է գնել, սակայն , դրան չէր հավատացել: