«Mercer» միջազգային խորհրդատվական ընկերությունը Երևանն ընդգրկել է աշխարհի այն քաղաքների ռեյտինգում, որոնք առավել հարմարավետ են իրենց կյանքի որակով:

 

Կյանքի որակի վերաբերյալ ամենամյա վարկանիշային աղյուսակում ներառված է աշխարհի խոշոր 230 քաղաք:

 

Հրապարակված վարկանիշի համաձայն՝ կյանքի որակով լավագույն քաղաքն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան է, իսկ վատագույնը՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադը: Ցանկում երկրորդը շվեյցարական Ցյուրիխն է, երրորդը՝ նորզելանդական Օքլենդը։

 

Երևանը զբաղեցրել է 182-րդ հորիզոնականը՝ հետևում թողնելով Թբիլիսին և Բաքուն, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են 188-րդ և 197-րդ հորիզոնականները:

 

Հետխորհրդային քաղաքների շարքում լավագույնն է ճանաչվել Վիլնյուսը, որը աղյուսակի 79-րդ հորիզոնականը կիսում է Տալլինի հետ: Դրանց հաջորդում է Ռիգան (80-րդ հորիզոնական):

 

Ընկերության կողմից վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի է առնվում 39 գործոն, որոնք խմբավորված են 10 կատեգորիայում. քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային միջավայրը, անվտանգությունը, բնապահպանությունը, բժշկության և կրթության մակարդակը, սպառողական ապրանքների, պետական ծառայությունների, տրանսպորտի, կացարանի և զվարճանքների մատչելիությունը: