ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը տուգանվել է 50 միլիոն դրամի չափով: Որոշումը կայացվել է ՏՄՊՊՀ-ի՝ փետրվարի 26-ին կայացած նիստում: Վարչական վարույթը հարուցվել էր «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա: «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել Հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի սննդի սպասարկման տարածքում գործունեություն իրականացնող 11 տնտեսվարողները հրաժարվում են ձեռք բերել և իրենց հաճախորդներին վաճառել «Պեպսի կոլա» ըմպելիքը: Իր ընկերության արտադրանքի իրացման նպատակով բոլոր բանակցությունները մնացել են անարձագանք: Մինչդեռ, վերը նշված բոլոր օբյեկտներում լայնորեն ներկայացված են «Կոկա Կոլա» ընկերության ըմպելիքները: Այսինքն՝ Հանձնաժողովը որոշում է կայացրել, որ «Կոկա Կոլա» ընկերությունը խոչընդոտներ է ստեղծել մրցակից ընկերությունների համար։
ԼՈՒՐԵՐ.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան, «Կոկա Կոլա» ընկերության Հանրային գործերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարկարյան տեղեկացրեց, որ ընկերությունը դեռևս չի ստացել հանձնաժողովի որոշումը։ «Ավելացնենք, որ նախորդ երկու օրվա ընթացքում ընկերությունը դիմել է հանձնաժողովին՝ որոշում տրամադրելու հարցով։ Ըստ ընթացակարգի՝ որոշման կայացման օրը նախատեսված է եղել փետրվարի 24-ը։ Հանձնաժողովը հայտարարել էր, որ ընկերությունը ստանալու է որոշումը փոստային կապի միջոցով»,- ասված էր մեզ ուղարկված պատասխանի մեջ։
«Կոկա Կոլա» ընկերությունից նաև հավելեցին, որ ընկերությունը բաց է իր գործունեության մեջ և կմեկնաբանի ԶԼՄ-ներում շրջանառվող այս տեղեկատվությունը միայն հանձնաժողովի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո։