«Հայ ազգային կոնգրեսը», «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը» և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մարտի 1-ին հրավիրում են համատեղ հավաք-երթ՝ ի հիշատակ 2008թ. մարտի 1-ի ոճրագործության զոհերի և որպես բողոքի ցույց՝ ընդդեմ պետական ահաբեկչության:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենց կուսակցությունը ևս մասնակցելու է կազմակերպված հավաք-երթին, նրանք լինելու են Ազատության հրապարակում, երթով շարժվելու են դեպի Մյասնիկյանի արձան, ինչից հետո էլ կավարտվի իրենց մասնակցությունը:

 

Մենք Սիմոնյանից հարցրինք՝ իսկ Նիկոլ Փաշինյանը հարթակից ելույթ չի՞ ունենա, պատասխանեց. «Մեզ, ի սկզբանե, «Նոր Հայաստան»-ի կողմից առաջարկվել էր մասնակցություն և ելույթ, բայց հետագայում «Հայ ազգային կոնգրեսի» հետ բանակցություննների հետևանքով՝ որոշվել է, որ ելույթ չի լինելու»:

 

Վաղը հարթակից ելույթ կունենան միայն Արամ Մանուկյանն ու Գարեգին Չուգասզյանը, և այլոց ելույթի հնարավորություն չի տրվի: Նկատենք, որ այս տարի առաջին անգամ է, ինչ սահմանափակվում է ելույթ ունենալ ցանկացողների հնարավորությունը:

 

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենք պնդել են, որ ուզում են ելույթ ունենալ, քանի որ Մարտի 1-ը որևիցե մեկի սեփականությունը չէ, բայց մերժում են ստացել:

 

Հարցին, թե ինչքանով է կայացված որոշումն ընդդեմ հենց այս կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի, Սիմոնյանը հայտնեց իր անձնական կարծիքը.

 

«Դա ՀԱԿ-ի հետ բանակցելու հետևանքով կայացված որոշում է, որովհետև մեզ ի սկզբանե ուրիշ բան է առաջարկվել, մենք դրան մեր համաձայնությունը տվել ենք, պետք է նաև մեր մասնակցությամբ միասնական շտաբ ձևակերպվեր և մշակվեր գործողությունների ծրագիրը, բայց այդ ամեն ինչը մեկ օրվա մեջ հօդս է ցնդել, դրա փոխարեն կայացվել է որոշում, ըստ որի՝ ելույթներ չեն լինելու: Մենք պնդել ենք, ասել ենք, որ ուզում ենք պարոն Փաշինյանը ելույթ ունենա, բայց մեզ նորից մերժել են:

Նելլի Ավետիսյան