Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի ընտրական օրենսգրքի անգլերեն տարբերակը:

 

Նշենք, որ մեր երկրի քաղաքացիները Ընտրական օրենսգրքի մասին, փաստորեն, պետք է տեղեկանան Վենետիկի հանձնաժողովի կայքից և ոչ թե մեր երկրի կառավարման բլոկներից մեկից, և սա միակ խնդիրը չէ, եթե չգիտես անգլերեն՝ չես կարող տեղեկանալ, թե ինչ է գրված նախագծում, որովհետև Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է, բնականաբար, միայն անգլերեն տարբերակը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ է նորմալ, որ մենք մեր երկրի ԸՕ-ին ծանոթանում ենք Վենետիկի հանձնաժողովի կայքից, այն էլ՝ անգելերենով, պատասխանեց. «Բնականաբար, նորմալ չեմ կարող համարել, որովհետև նախագիծը պետք է մինչև Վենետետիկի հանձնաժողով ուղարկելը, փորձաքննական եզրակացություն ստանալը, մատչելի լիներ ՀՀ քաղաքացիների համար, որպեսզի ՀԿ-ները և քաղաքական ուժերը կարողանային իրենց առաջարկությունները ներկայացնել: Դա պահանջում էր նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում տրված հանձնարարականը, ըստ որի՝ նախագծի մշակման գործընթացը ներառական, մասնակցային հանրության համար հասկանալի պետք է լինի:

 

Իրավապաշտպանը նկատում է, որ նույնիսկ ԱԺ խմբակցությունների համար բաց չէր նախագիծը, իսկ հիմա պարզ չէ՝ Վենետիկի փորձաքննական եզրակացությունը ստանալուց հետո, ինչպիսի՞ն են լինելու նախագծի վերաբերյալ առաջարկությունների ճակատագրերը, արդյոք լինելո՞ւ են, թե՞ ոչ. «Այդ առումով խայտառակությունը շարունակվում է, էլ չենք խոսում լեզվի մասին: Եթե մարդը չգիտի անգլերեն՝ նա հնարավորություն չի ունենում ծանոթանալու: Վենետիկի հանձնաժողովն է իր կայքէջում հրապարակման միջոցով մատչելիության խնդիրը լուծում և ոչ թե ՀՀ իշխանությունը, անձամբ Սերժ Սարգսյանը, ում հրամանագրով ստեղծվել էր աշխատանքային խումբ, հանձնարարվել մշակել նախագիծը: Այս ոչ թափանցիկ ոչ մասնակցային գործելակերպի պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը»,- ասաց Սաքունցը:

 

Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ, փաստորեն, Սերժ Սարգսյանն ավելի մեծ վստահություն ունի քան սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ, բայց իրավապաշտպանը հասկանում է նաև այն, որ նպատակն է Վենետիկի հանձնաժողովից ստանալ բարենպաստ եզրակացություն և դրա հիման վրա սեփական արգումենտները ձևավորել, քանի որ Վենետիկի հանձնաժողովը չի խորանալու հայկական իրականության մեջ և չի նայելու, թե այստեղ ինչ կարծիքներ կան, քանի որ անգամ այդ կարծիքները լսելու հնարավորություն չունի:Վենետիկի հանձնաժողովը, սակայ պետք է իմանա, որ այդ նախագիծը միայն իշխանությունների տարբերակն է: 

 

Եթե դուք էլ ցանկանում եք ծանոթանալ Հայաստանի ԸՕ-ին, այցելեք այս հղումով: