Վահագն Չախալյանը Երևանում է, նա եկել է մասնակցելու իր պապի հուղարկավորությանը: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ «Շիրակ» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանից:

«Որևէ բան առայժմ չի ձեռնարկում, հետո պաշտոնական ասուլիս կունենա, բոլոր հարցերին կպատասխանի»,- ասաց Շիրակ Թորոսյանն՝ ի պատասխան հարցի, թե արդյոք նա մասնակցու՞մ է և, առհասարակ, ինչ դիրքորոշում ունի Ախալքալաքում Վրաստանի նախագահի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Վրաստանի դատարանն օրերս վերանայել է ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի դատավճիռը և ազատ արձակել նրան դատարանի դահլիճից: Հայ համայնքը Վահագն Չախալյանին ընդունել էր ցնծությամբ:

Հիշեցնենք նաև, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008թ. հուլիսի 21-ին։ 2009թ. ապրիլի 7-ին դատավարության արդյունքում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: