Կառավարության նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը: Այս փաթեթի համար սահմանվել էր մշակել և հաստատել մինչև մարտի մեկը, բայց, քանի որ կառավարության նիստի օրը չի եղել, իսկ արտահերթ նիստ գումարելը նպատակահարմար չի համարվել, այդ իսկ պատճառով նախագիծը ներկայացվել է մի քանի օր ուշացումով:
Դավիթ Հարությունյանը կառավարության նիստում ասաց, որ հիմնական շեշտադրումը եղել է Ազգային ժողովում քաղաքական քննարկման հիման վրա: Նախարարը կարծում է՝ որոշումը ճիշտ էր կայացված, որ նախագծի հիմնական բեռը պետք է տեղափոխել քաղաքական դաշտ՝ մի այնպիսի մարմին, որտեղ քաղաքական գործիչների ներկապնակն է ներկայացված, այլ ոչ թե կառավարություն:
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ այսօրվանից ազդարարվում է հանրային քննարկումների սկիզբը:
«Մենք առաջարկում ենք, որպեսզի Գյումրի և Վանաձոր քաղաքներում համայնքի ղեկավարի ընտրությունները տեղի ունենան անուղղակի, համամասնական համակարգով, այսինքն՝ ինչպես Երևանի մոդելը, այնպես էլ Գյումրիում և Վանաձորում սկսելու է գործել նույն մոդելը: Սա առաջին քայլն է, և կարծում եմ հետագայում այս ցանկը կընդլայնվի: Սակայն, փուլ առ փուլ մենք պետք է գնանք ՏԻՄ ձևավորման հարցում քաղաքական ուժերի դերակատարության մեծացման:
Հաջորդ հարցը Սահմանադրությամբ սահմանված Ազգային ժողովի ձևավորման հարցն է. այն պետք է ձևավորվի համամասնական ընտրությունների արդյունքում: Մեծամասնական ընտրությունները՝ որպես այդպիսին, Սահմանադրությունն այլևս չի նախատեսում: Դրա համար սա ևս պետք է գտներ իր արտացոլումն ԸՕ-ում, և հաջորդ կարևոր փոփոխությունը ԿԸՀ-ի ձևավորումն է: Արմատապես փոխվել է և նախատեսվել Սահմանադրութամբ, որ ԿԸՀ-ն պետք է ձևավորվի Ազգային ժողովի կողմից, ընդ որում՝ որպեսզի ապահովվի ոչ միայն մեծամասնության թեկնածուների ներկայությունը, այլև ապահովվի պատշաճ քաղաքական բալանսը: Սահմանադրությունը նախատեսում է, որ ԿԸՀ անդամները պետք է ընտրվեն պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ով»,- ներկայացրեց Դավիթ Հարությունյանը:
Նախարարը նաև ասաց, որ չի լինելու առաջարկություն, որը չի դրվի քննարկման:
Վարչապետն առաջարկեց կառավարությանը հաստատել, բայց նկատեց, որ ծավալուն աշխատանք ունեն:
ԸՕ նախագիծը կուղարկվի Ազգային ժողով: