Վերջապես հանրությանը ներկայացվեց Վենետիկի հանձնաժողովի կողմից հաստատված ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը, որը, եթե կարդացել եք, բավական լուրջ փոփոխությունների է ենթարկվել՝ համեմատած հնի հետ: Մասնավորապես՝ նորում մտցվել են այնպիսի կետեր, որոնք, եթե օբյեկտիվորեն դիտարկելու լինենք, կարող են շատ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել իշխանությունների վերարտադրության համար, քան՝ նախկինը. ռեյտինգային քվեարկություն, էլեկտրոնային համակարգերով քվեարկություն, 41 ընտրատարածքների փոխարեն՝ 13 ընտրական տարածքներ՝ 4-ը Երևանում, 9-ը մարզերում, ընտրությունների երկրորդ փուլ և այլն:



Թե այս նորամուծությունները հատկապես որքանով են նպաստելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, այդքան էլ պարզ չէ. խոշորացման ճանապարհով գնալը, մեր խորին համոզմամբ, իշխանությունների համար է՛լ ավելի է դյուրացնելու մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու պրոցեսն ու ստեղծելու է հավելյալ լծակներ՝ հեշտացնելով նրանց նկատմամբ ունեցած վերահսկողությունը:



Կարելի է ենթադրել, որ այս ամենի արդյունքում՝ թաղային հեղինակությունների գործն ավելի կհեշտանա, ու նրանք առավել մեծ թվով մարդկանց կկարողանան պարտադրել սեփական կամքը՝ հոգուտ իշխանությունների: Պակաս վիճահարույց չէ ռեյտինգային քվեարկության մասին կետը, որը, որպես զուտ իդեա, վատը չէ, իհարկե, բայց հաշվի առնելով մեր իրականությունը՝ կարելի է ենթադրել, որ սա ևս մեզանում դրսևորվելու է բացառապես իր ձևական կողմերով, բայց ոչ երբեք բովանդակային: Մի ուշագրավ սահմանափակում էլ կա նոր Ընտրական օրենսգրքում: 

 

 

Պարզվում է՝ օրենքով սահմանվում է, որ տեղամասում լրագրողների և դիտորդների ընդհանուր թիվը չպետք է գերազանցի 8-ը, ինչը, բնականաբար, ոմանց կազատի ավելորդ ուշադրության կենտրոնում հայտնվելու բեռից՝ հնարավորություն տալով, ասենք, տեղամաս թողնել բացառապես իշխանամետ լրատվամիջոց ներկայացնող լրագրողներին: Դե իսկ դիտորդների բերանը փակելու երկարամյա պրակտիկան, կարծես, ոչ ոք չի չեղարկում, և նրանց հետ ինչ-որ կերպ լեզու գտնելն այնքան էլ դժվար չի լինի:

 

 

Այսպիսով՝ բանից պարզվում է, որ մեծ աղմուկ-աղաղակով ընդունված նոր Ընտրական օրենսգիրքը շատ հարցերում անգամ զիջում է իր նախորդին. փոխարենն այնպիսի գործիքակազմեր կիրառելու, որոնք կօգնեին ի սկզբանե բացառել որևէ զեղծարարություն, իշխանությունները մոգոնել են մի յուրատեսակ միջոց՝ սեփական վերարտադրությունն ապահովելու համար: Վատ չէր լինի, եթե, օրինակ, նոր օրենսգրքում առաջարկվեր հրապարակել քվեարկած անձանց ցուցակները, ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրել, ընտրություներից մեկ ամիս առաջ ՀՀ-ից բացակայող քաղաքացիների ցուցակների առանձին հրապարակում իրականացնել և այլն. այս ամենի փոխարեն՝ ինչ-որ դրույթներ, որոնցից արդեն իսկ՝ դեռ ընտրությունները չսկսած, համաձայնեք, մի տեսակ՝ ընտրակեղծիքների հոտ է գալիս:

 

 

 Դավիթ Բաբանով