ԱՄՆ պետքարտուղարությունը մարտի 2-ին Կոնգրես է ներկայացրել «Թմրանյութերի վերահսկողության միջազգային ռազմավարություն- 2016» զեկույցը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը, երկու հատորանոց զեկույցի առաջին հատորը նվիրված է թմրանյութերի վերահսկողությանը, երկրոդ հատորը' փողերի լվացման եւ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարին:

 

 

Զեկույցի Ադրբեջանին վերաբերող մասում ասվում է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ թմրանյութերի փոխադրման գործում տարանցիկ երկիր, որտեղով, ըստ Ադրբեջանի ՆԳՆ-ի 2014 թվականի տվյալների, ամեն տարի նվազագույնը 5,8 տ թմրանյութ է փոխադրվում:

 

 

Ադրբեջանի ՆԳՆ-ի այդ զեկույցում ասվում էր, որ թմրանյութի այդ քանակի ընդամենը 10-12 տոկոսն է իրենց կողմից առգրավվում:

 

 

ԱՄՆ զեկույցում նշվում է, որ 2015 թվականին Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում առգրավվել է 1,45 տ, իսկ Գերանբոյի շրջանում' 2,6 տ մարիխուանա:

 

 

Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի կառավարությունը խնդիրն անհրաժեշտ չափով չի արժեվորում, թմրանյութերի օգտագործման դեմ կառավարության կողմից հովանավորվող ծրագրերը, ինչպես նաեւ թմրամոլների բժշկության կենտրոնների նկատմամբ աջակցությունը բավարար չեն: