Ընդհանուր առմամբ 2015թ.-ին ՀՀ բանկային համակարգը մնացել է կայուն: Այդուհանդերձ, 2015թ. սկզբից մինչև տարեվերջ անհուսալի վարկերը 3,7%-ից հասել են ավելի քան 9%-ի: «Դոլարայնացման բարձր աստիճանը և հաշվեկշռում արժութային անհամապատասխանությունները ռիսկե ր են ստեղծում բանկային համակարգի կայունության և շահութաբերության հարցերում: Ընդհանուր վարկավորումը 2015թ. կրճատվել է 3,1%-ով, ընդ որում ամենամեծ կրճատումը գրանցվել է արտարժույթով տրամադրվող վարկերի մասով, ինչն արտացոլում է դրամի հետագա արժևորման ակնկալիքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվել է Համաշխարհային բանկի «Հայաստան. ամենամսյա տնտեսական տեղեկագր»-ում։
Աղբյուրի համաձայն՝ առևտրային բանկերն հավելյալ արտարժութային միջոցներ են ավանդադրել Կենտրոնական բանկում, ինչի արդյունքում 2015թ. ընթացքում համախառն պահուստներն ավելացել են 282 միլիոն ԱՄՆ դոլարով: «2016թ.-ը բանկային համակարգի համար կարող է դժվար տարի լինել, քանի որ 2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու նվազագույն կապիտալի վերաբերյալ նոր պահանջը»,- ասվում է տեղեկագրում:
ՀԲ փորձագետների գնահատմամբ՝ 2015թ. առաջին կիսամյակում դրամավարկային քաղաքականությունը խիստ էր, սակայն հաջորդ կիսամյակում, գնաճի ճնշումների թուլացմանը զուգընթաց, թեթևացավ: Բացի այդ, բերքառատ գյուղատնտեսական տարին, սննդամթերքի ցածր միջազգային գները և թույլ ներքին պահանջարկը 2015թ. հանգեցրեցին միջին տարեկան գնաճի մինուս 0,1%-ի, որը շատ ավելի ցածր էր Կենտրոնական բանկի կողմից գնաճի թիրախային 4±1.5% միջակայքից: Կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը 2015թ. սկզբին կազմում էր 10,25%, իսկ տարեվերջին՝ 8,75%: 2016թ. հունվարին գնա ճը մնաց մեղմ' սպառողական գների ինդեքսի նկատմամբ 0,4% նվազմամբ, ինչին նպաստել է սննդամթերի գների մոտ 4% անկումը:
Ըս տեղեկագրի՝ ներմուծման ծավալների կտրուկ նվազման արդյունքում բարելավվել է ընթացիկ հաշվը: 2015թ. ներմուծման ծավալները կրճատվել են 26,5%-ով, իսկ 2016թ. հունվարին՝ 22%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Չնայած արտահանումը դեպի Ռուսաստան նվազել է, սակայն 2015թ. արձանագրվել է արտահանման ծավալների աննշան վատթարացում՝ 3,9%-ի չափով՝ պայմանավորված Չինաստանի ու Միջին Արևելքի հետ առևտրի ավելացմամբ: Նախորդ տարվա համեմատ՝ 2015թ. արտահանման ընդհանուր ծավալները դեպի ԵԱՏՄ նվազել են 27,1%-ով, որն արտացոլում է եվրասիական գոտում պահանջարկի թուլացումը ՝ պայմանավորված ԵԱՏՄ ընթացակարգերին ու պահանջներին անցում կատարելու արդյունքում ապրանքների գների անկմամբ ու գործառնական ծախսերով, իսկ դեպի ԵՄ՝ 5,2%-ով: Առևտրային հաշվեկշռի բարելավումը չեզոքացրել է դրամական փոխանցումների մասով անկումը: Դրամական փոխանցումների զուտ ծավալները 2015թ. նվազել են 35,8%-ով (ԱՄՆ դոլարով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)՝ պայմանավորված Ռուսաստանից ստացվող զուտ դրամական փոխանցումների 42,2% նվազմամբ:
ՀԲ փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանի ընթացիկ հաշվի բարելավումը մեղմել է դրամի վրա առկա ճնշումները, և Կենտրոնական բանկը երկրորդ կիսամյակում կտրուկ նվազեցրել է արտարժութային միջամտությունները, որը հանգեցրել է միջազգային պահուստների մեծացմանը՝ 2015թ. վերջին կազմելով 1,77 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ նույն տարվա հունվարին՝ 1,35 միլիարդ ԱՄՆ դոլար էր: Առևտրային դեֆիցիտը 2016թ. հունվարին առավել բարելավվել է, քանի որ արտահանումն ավելացել է 5,6%-ով, իսկ ներմուծման ծավալները կրճատվել են 22%-ով: