Ընտրական օրենսգրքի նոր նախագծով կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկվում են ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:

 

 

Յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան 2 և ոչ ավելի, քան 4 ներկայացուցիչ:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում քրդական համայնքի առաջնորդ Կնյազ Հասանովն ասաց, որ դեռևս պետք է սպասենք Ազգային ժողովի կողմից Ընտրական օրենսգրքի ընդունմանը, քանի որ ընտրության ընթացակարգը իր համար այնքան էլ պարզ չէ:

 

 

Կնյազ Հասանովին հարցրինք, թե ինչքանով է հնարավոր համարում Ազգային ժողովում իր ներկայությունը, պատասխանեց.

 

 

«Ոչ մի մեխանիզմ, ոչ մի ճիշտ բան չկա գոյություն չունի: Երբ կլինեն ընտրություններ, թեկնածուների առաջադրում կլինի, դա կլինի մեր համայնքի ժողովրդի կամքով: Այսօրվա վիճակում մեզ դեռևս ոչինչ հայտնի չէ' ի՞նչ ձևով պետք է ընտրվի, կամ ո՞ր ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացվեն»:

 

 

Նշենք, որ վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են' ռուսական, քրդական, եզդիական, ասորական համայնքները:

 

 

Ըստ Հասանովի, օրինակ, քրդական համայնքում թեկնածուներ շատ կան և շատերը կուզենան ընտրվել: Իսկ, թե ինքը կառաջադրի իր թեկնածությունը, թե' ոչ, համայնքի որոշելու հարցն է համարում. «Դա համայնքը պետք է որոշի, թե համայնքի աջակցությունը լինի կառաջադրեմ իմ թեկնածությունը»: