2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով էկոնոմիկայի նախարարությանը 2016 թվականի առաջին եռամսյակում կհատկացվի 150,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

 

Այսօր կառավարությունում այս առաջարկով հանդես եկավ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

 

Նշենք, որ համաժողովի կազմակերպման իրավունքի ձեռքբերման համար առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է վճարել 750.0 հազ. ԱՄՆ դոլար երաշխիքային կանխավճար:

 

Հայաստանում WCIT 2019 համաժողովի անցկացման համար անհրաժեշտ կազմակերպչական ծախսերն, ընդհանուր առմամբ, կկազմեն մոտ 2.93 մլն ԱՄՆ դոլար: Նախատեսվում է, որ WCIT 2019 համաժողովին կմասնակցի 2000-2500 պատվիրակ աշխարհի՝ ավելի քան 80 երկրից, և համաժողովի կազմակերպման ծախսերը կփոխհատուցվեն համաժողովին մասնակցության համար մասնակիցների կողմից վճարվելիք մասնակցության վճարների հաշվին, իսկ տնտեսված դրամական միջոցները (առկայության դեպքում) կուղղվեն պետական բյուջե:

 

Այս ուղղությամբ, ՀՀ կառավարությունն արդեն հատկացրել է 100 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ /48 մլն ՀՀ դրամ/, որը փոխանցվել է ալյանսին:

 

Վարչապետը դիմելով Արծվիկ Մինասյանին՝ հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում ներդրումներ կարող են լինել և հանձնարարեց համաժողովն անցկացնել Երևանում: