Բեռլինի ամենամյա Միջազգային զբոսաշրջային ցուցահանդես ITB Berlin-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղավարի առկայության փաստը հիստերիայի է հասցրել Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունից հայտնել են, որ ադրբեջանական կողմն անհնարին է համարում ցուցահանդեսում գտնվելը և «ստիպված փակել է իր տաղավարը»: Ադրբեջանական կողմը հատկապես բորբոքվել է այն փաստից, որ միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայում, որն այս տարի ԵԱՀԿ նախագահող պետությունն է:
Շարունակելով ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության՝ թիրախային շուկաներում ԼՂՀ տուրիստական արդյունքը հանրահռչակելու քաղաքականությունը՝ Արցախի պատվիրակությունը մարտի 9-13-ն առանձին տաղավարով ներկայացնում է ԼՂՀ-ն ITB Berlin 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Ցուցահանդեսի բացման առաջին իսկ ժամերից Արցախի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում ցուցահանդեսի այցելուների մոտ: ԼՂՀ պատվիրակությունը արդյունավետ աշխատանքներ է իրականացնում ցուցահանդեսի տարածքում՝ տաղավարի այցելուներին փոխանցելով տեղեկատվություններ Արցախի մասին:
Այցելուներին նաև բաժանվում է Արցախի զբոսաշրջավայրերի մասին պատմող գրականություն, ֆիլմերով սկավառակներ, քարտեզներ և այլն: ITB Berlin-ը հանդիսանում է Եվրոպայում խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսը, որը հյուրընկալում է գրեթե երկու հարյուր հազար այցելու աշխարհի 185 երկրներից: