Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ում կրքերը հանդարտվել են:
Անդրադառնալով Հայաստանում իրական և կեղծ ընդդիմադիրների վերաբերյալ հարցին՝ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դա որոշողը ժողովուրդն է, և ինքը կարծում է՝ առաջիկա ընտրություններին ևս ժողովուրդը, հանրությունն իր քվեարկությամբ կորոշի՝ ով է ընդդիմություն, ով՝ ոչ:
«Մեզանում այնքան է աղճատվել ընդդիմություն հասկացությունը, որ ընդդիմությունը մեզանում ընկալվում է այն քաղաքական գործիչը կամ ուժը, ով ինքնամոռաց հայհոյում է իշխանություններին: Ես չեմ ցանկանում որևէ քաղաքական ուժի տարանջատել՝ ապագան ցույց կտա: Բոլոր նրանք, ովքեր իրենց հայտարարում են ընդդիմություն, ես ուզում եմ համարել, որ իրենք իրապես ընդդիմություն են և չեն գործում՝ խաղի ինչ-ինչ պայմանավորվածություններով»,- ասաց Զոհրաբյանը:
Նշեց նաև, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր չէ միանալ Ընտրական օրենսգրքի շուրջ ՀԱԿ-ի նախաձեռնած միասնական պլատֆորմին:
«Բարգավաճ Հայաստանը» որոշել է գոնե տեսանելի ապագայում որևէ երկյակ, քառյակ պլատֆորմ, ֆորմատ որոշակի գործողությունները սահմանափակող ֆորմատներով հանդես չգալ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: