Հայաստանի իշխանությունները շարունակում են ճնշումը ռուսաստանցի ներդրողների վրա։ «Ինտեր ՌԱՕ»-ի վերահսկողության տակ գտնվող «Հայաստանի Էլցանցերի» սակագնային քաղաքականության նկատմամբ անցած տարվա հավակնություններից հետո, որոնք հանգեցրին ակտիվների վաճառքի, խնդիրներ են առաջացել նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առնչությամբ: Հայաստանի հակամենաշնորհային կարգավորիչ մարմինը կարծում է, որ «Ռուսական երկաթուղիներին» պատկանող «Հարավկովկասյան երկաթուղին» ապօրինաբար բարձրացնում է սակագները՝ ուռճացնելով ներդրումային ծրագրի ծախսերն ու ընտրելով թանկ կապալառուների։
Փորձագետները նշում են, որ Հայաստանում ռուսական ընկերությունների ներդրումները հիմնականում քաղաքական բնույթ են կրում, և ընկերությունները պետք է չափազանց զգուշորեն փոխեն գնային քաղաքականությունը՝ գրում է «Коммерсантъ»-ը:
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Արտակ Շաբոյանը կտրուկ քննադատել է «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը։ 2008 թվականի փետրվարից «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման մեջ է գտնվում «Հայկական երկաթուղիները»։ Համաձայնագիրն ուժի մեջ է 30 տարի՝ ևս 10 տարի երկարացման իրավունքով։
Շաբոյանը հայտնել է, որ ստացված բողոքների հիման վրա ուսումնասիրվել է երկաթուղային բեռնափոխադրումների շուկայի վիճակն ու պարզվել, որ 2015 թվականի ապրիլից «Հարավկովկասյան երկաթուղին» 16 տոկոսով բարձրացրել է նավթամթերքի փոխադրման սակագինը։ Հանձնաժողովի կարծիքով՝ սակագների փոփոխությունները կարող են պարունակել շուկայում գերակա դիրքի չարաշահման նշաններ։
«Հարավկովկասյան երկաթուղին» սակագների բարձրացումը պատճառաբանում է 2015 թվականի արդյունքներով իր կրած 9.3 մլրդ դրամի (19.1 մլն դոլար) վնասի մասին։ Սակայն պարոն Շաբոյանի խոսքով՝ վնասի շուրջ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կուտակվել է գերազանցապես լուրջ ներդրումների իրականացման հաշվին՝ մոտ 92 մլրդ դրամ (188.7 մլն դոլար), որը նախատեսված էր կոնցեսիոն ծրագրի շրջանակում, չի տվել անհրաժեշտ հետդարձ։
ՏՄՊՊՀ ղեկավարի խոսքով՝ հանձնաժողովի կարծիքով՝ «Հարավկովկասյան երկաթուղին» արհեստականորեն գերագնահատում է ծախսերը ներդրումային ծրագրի շրջանակում, ինչպես նաև խախտում պետական գնումների մասին օրենքը՝ անցկացնելով կեղծ մրցույթներ։ Նրա խոսքով՝ նյութերն արդեն փոխանցվել են ՌԴ Հակամենաշնորհային դաշնային ծառայությանը։
Ամռանը էլեկտրաէներգիայի սակագների աճը հանգեցրեց Երևանում զանգվածային հուզումների, որից հետո «Ինտեր ՌԱՕ»-ն շտապեց ազատվել խնդրահարույց ակտիվից՝ վաճառելով այն Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի կառույցներին։ Գործարքն ավարտվել է 2015-ի հոկտեմբերին։
«Ինֆոլայն Անալիտիկա»-ի ղեկավար Միխայիլ Բուրմիստրովը կարծում է, որ Հայաստանի երկաթուղու կոնցեսիան «Ռուսական երկաթուղիների» համար եղել է հիմնականում քաղաքական նախագիծ։ Նա նշել է, որ սակագնի ցանկացած կտրուկ բարձրացում, որը նախաձեռնվում է օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտի կողմից, դիտվում է որպես ճնշում ինքնիշխանության վրա։ Նրա կարծիքով՝ դա պետք է հաշվի առնել սակագները բարձրացնելիս, և նման հարցերը նախապես լուծել տեղի հակամենաշնորհային կարգավորիչ մարմնի հետ սերտ փոխգործակցությամբ։