Ռոստովի մարզի իշխանություններն սկսել են Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռի վթարի զոհերի ազգականներին հատուցումների վճարումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։
«Այսօրվանից մենք տարածաշրջանի մակարդակով ձեռնամուխ ենք եղել զոհվածների ազգականներին հատուցումների վճարմանը՝ 1 միլիոնական ռուբլի», - ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ն, նշել է նահանգապետը։ Գոլուբևի խոսքով՝ 8 կետեր են բացվել Դոնի Ռոստովում և Նովոչերկասկի, Բատայսկի և Ազովի շրջանի տեղեկան կառավարման վարչություններում։
Մարտի 19-ին, Մոսկվայի ժամանակով 03:42-ին երկրորդ անգամ վայրէջքի մտնելուց վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը, որը կատարում էր FZ 981 չվերթը Դուբայից։ Նավակողին գտնվող բոլոր 62 ուղևորները մահացել են։
ԱՄԷ-ի ավիաընկերության ղեկավարությունը մտադիր է Ռոստովում Boeing 737-800-ի զոհերի հարազատներին վճարել 20 հազարական ԱՄՆ դոլար։ Այս մասին տարածած հայտարարությամբ հաղորդել է ավիափոխադրողը։
ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտնել է, որ Դոնի Ռոստովում ինքնաթիռի վթարի վայրում որոնողական աշխատանքներն ավարտվել են։ «Անցկացվել է կառավարական հանձնաժողովի նիստ՝ դաշնային և տարածաշրջանային գերատեսչությունների մասնակցությամբ։ Մենք համաձայնեցրել ենք մեր օրակարգը, վթարի հետևանքների վերացման հարցերը։ ԱԻՆ-ի գործընկերներն ավարտել են որոնողական-փրկարարական աշխատանքը առավոտյան մոտ ժամը 9-ին»,- ասել է նա։