Ադրբեջանի ղեկավարի տարօրինակ եւ ագրեսիվ ոճը հասցեագրված է առաջին հերթին սեփական ժողովրդի դեմ։ Այդ մասին Tert.am լրատվական կայքի հարցին ի պատասխան ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տարօրինակ է համարում հայ-ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում զինադադարի ռեժիմի ամրապնդումը:

 

 

«Առավել քան տարօրինակ է այն, որ երկրի ղեկավարը բացահայտորեն դեմ է արտահայտվում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնք ուղղված են մարդկային կյանքեր փրկելուն:

 

 

Ավելին, հաշվի առնելով, որ 1995թ. կնքված եռակողմ՝ Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան եւ Հայաստան, համաձայնագրով զինադադարի ռեժիմի ամրապնդումը Ադրբեջանի նաեւ միջազգային պարտավորությունն է, այդ հայտարարությունը դառնում է զավեշտական»,- նշել է Քոչարյանը:

 

 

Նրա խոսքով, Ադրբեջանի ղեկավարությունը բոլորին մեղադրում է ստատուս քվոյի պահպանման մեջ, այնինչ, հենց ինքն անում է ամեն ինչ, այդ թվում՝ գործելով իր իսկ ստանձնած պարտավորություններին հակառակ, ստատուս քվոն պահպանելու համար:

 

 

«Ադրբեջանի ղեկավարի տարօրինակ եւ ագրեսիվ ոճը հասցեագրված է առաջին հերթին սեփական ժողովրդի դեմ, որովհետեւ գնալով անհնարին է դառնում սահմաններին լարվածության սրմամբ եւ արտաքին վտանգի շահարկմամբ հասարակության ուշադրության շեղումը եւ ժառանգական աթոռի պահպանումը»,- ասել է Քոչարյանը: