Մարտի 26-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կմեկնարկի «Շախմատային աստղեր» անունը կրող շախմատային 6-րդ փառատոնը: Մրցաշարին մասնակցելու հրավեր է ստացել նաև «Նարվա» շախմատի դպրոցը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Նարեկ Վարազդատյանը:
«Մենք պաշտոնական հրավեր ենք ստացել մրցաշարի կազմակերպիչներից և շատ կարճ ժամանակ ունեինք լավագույնների ընտրության հարցում: Մյուս կողմից էլ ֆինանսական խնդիրներն էին խանգարում, քանի որ դպրոցը պետական չէ, անվճար պարապմունքներ են անցկացվում սոցիալապես անապահով, ծնողազուրկ, հաշմանդամության կարգ ունեցող և ազատամարտիկների երեխաների համար: Դպրոցն առայժմ որևէ հովանավոր չունի և գոյատևում է վճարունակ ծնողների նվիրատվությունների շնորհիվ: Լինում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներն էլ են օգնում դպրոցին»:
Այն հարցին, թե ինչ տրամադրվածությամբ են մերոնք մեկնելու մարցաշարին մասնակցելու, Վարզդատյանն ասաց. «Դպրոցում սովորում են բազում տաղանդավոր, հեռանկարային երեխաներ, սակայն մեկնել Մոսկվա զուտ միայն մասնակցության համար, մեզ համար անընդունելի է»:
Ցանկացած մրցաշարի մեկնում ենք միայն և միայն հաղթելու համար, սակայն միշտ չէ, որ երեխաներին հաջողվում է գերազանց ելույթներ ունենալ: Նախկին մրցաշարերին միշտ մեկնել ենք ավտոբուսով, ճանապարհին անցկացրել 48 ժամ, ինչից հետո 9 տարեկան երեխաներին դժվար է պատրաստել մրցաշարին. հոգնածությունն իր խոսքն ասում է: Այս անգամ մեկնելու ենք ինքնաթիռով, և որևէ խոչընդոտ չկա, որը կազդի երեխաների խաղի վրա»:
Մրցաշարին կմասնակցեն լավագույն 3 սաները:
Գրիգոր Օսիպյանը՝ 9 տարեկան, 1-ին մարզական կարգ, ընթացիկ վարկանիշ - 2002
Մարիա Ալավերդյանը՝ 11 տարեկան
Դավիթ Հայրապետյան՝ 9 տարեկան
«Մարիա Ալավերդյանը և Դավիթ Հայրապետյանը կմասնակցեն C ենթախմբում. Մարիան կպայքարի աղջիկների մեջ՝ չեմպիոնուհի դառնալու համար, իսկ Դավիթը մինչև 10 տարեկանների չեմպիոնի կոչման համար:
Ինչ վերաբերում է Գրիգորին, ապա նա նույնպես կարող էր ներգրավվել այդ նույն ենթախմբում, սակայն իմ որոշմամբ երեխան հանդես կգա ամենաուժեղ խմբում, որտեղ չկա տարիքային սահմանափակում:
Ճիշտ է՝ շատ բարդ մրցաշար է լինելու Գրիգորի համար, բայց մենք լրջագույնս ենք պատրաստվել մրցաշարին և մեր սպասելիքները շատ մեծ են»,- ասաց տնօրենը:
Զրույցի վերջում Վարազդատյանը հավելեց, որ մեր պատանիները կաջակցեն նաև այս օրերին հավակնորդների մրցաշարին մասնակցող Լևոն Արոնյանին.
«Ցանկանում եմ տեղեկացնել նաև, որ մեզ մոտ մարտի 28-ին ազատ օր է լինելու, իսկ այդ օրը հավակնորդների մրցաշարում կայանալու է վերջին՝ Նակամուրա-Արոնյան պարտիան: Մենք մեր ողջ դպրոցի կազմով ներկա ենք գտնվելու, լինելու ենք Լևոնի կողքին, և հուսամ կկարողանանք Մոսկվայից տուն բերել միանգամից մի քանի հաղթանակ…»:
Հաջողություն ենք մաղթում մեր պատանիներին՝ մոսկովյան մրցաշարում:
Լիանա Թորոսյան