Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ երեկոյան Երևան-Մոսկվա չվերթի 558 ինքնաթիռը պայթեցվելու է։ Ոստիկանությունից ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին, որ այդ տեղեկությունը դեռևս ստուգվում է: Քաղավիացիայի մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը հայտնեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և օդանավակայանը բնականոն հունով շարունակում է աշխատանքը։
««Զվարթնոց»-ն աշխատում է բնականոն ռեժիմով։ Իսկ ուժային ծառայություններն օդանավակայանի տարածքում ամեն օր են ծառայություն իրականացնում։ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ԱԻՆ-ը. նրանք ամեն օր ծառայություն են իրականացնում, ոչ թե գալիս-գնում են: Ամեն բան նորմալ է, օդանավի պայթեցնելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Գրդզելյանը: Վերջինս նաև հավելեց, որ այս պահին օդանավակայանում ուժային կառույցների մեծ թվով աշխատակիցներ չկան։